Մեզ հասած տեղեկություններով, կառավարությունը հաստատել է կամ արդեն հաստատելու գործընթացում է բազային ֆինասնավորումը հիմնադրամներում մրցույթային դարձնելու առաջարկը: Այս մասին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ հավելելով, որ նման առաջարկի՝ օրենքի ուժ ստանալու դեպքում ԵՊՀ-ն ամսական կկորցնի 50 միլիոն դրամ, իսկ ԵՊՀ բազային ֆինանսավորման մեջ ընդգրկված 401 աշխատողների առնվազն կեսը կդառնան գործազուրկ:
Սիմոնյանի խոսքերով, դժվար է պատկերացնել, որ ԵՊՀ-ն նախկինի նման կկարողանա այդ մրցույթներում հաղթել մյուս մրցակիցներին՝ բազային ֆինանսավորման ոլորտում. «Սա շատ ծանր հետևանք կարող է ունենալ մեր գիտության զարգացման վրա: Ես հատուկ խնդրում եմ հոգաբարձուների խորհրդին ամեն ինչ անել Ֆիննախի առաջարկած այդ նախագիծը կյանքի չկոչելու համար: Առանց այն էլ գիտության աշխատողները ստանում են շատ ցածր աշխատավարձ, իսկ հիմա դրանից էլ կզրկվեն»:
Սիմոնյանը խնդրեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Գևորգ Մուրադյանին հատուկ ուշադրություն դարձնել հարցին և օգնել հիմնադրամ դարձած բուհերին՝ այդ թվում ԵՊՀ-ին: