Հունվարի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Շվեյցարիայում գտնվելու ընթացքում, պաշտոնանկ է արել իր խորհրդական Պապիկյանին: Պաշտոնանկության պատճառների մասին չի հայտնվում: Միայն կարելի է փաստել, որ վերջինս իր դիմումի համաձայն չէ հեռացել:
Նշենք, որ օրեր առաջ Պապիկյանը ֆեյսբուքյան գրառում էր արել՝ հերքելով տեղեկություները, թե քրեական աշխարհի ներկայացուցչի կողմից աջակցություն է ստացել:
«Հարգելիներս,
Այսօր դեղին մամուլում տեղ է գտել իմ մասին ապատեղեկատվություն՝ ինձ վերագրելով քրեական աշխարհի ներկայացուցչի կողմից իբր աջակցություն ստանալը:
Ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ նման բան չկա և չի կարող տեղի ունենալ ապագայում:
Իսկ կեղծ լուրը հրապարակողներին հիշեցնում եմ զրպարտանքի իրավական հնարավոր հետևանքների մասին»,-գրել էր նա:
Ամենայն հավանականությամբ, քրեական աշխարհի ներկայացուցչի կողմից հովանավորչություն ստանալու մասին տեղեկությունն իրականությանը համապատասխանում է, երևի հենց դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայից պաշտոնանկ է արել Պապիկյանին՝ չսպասելով, որ վերադառնա Հայաստան: Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ Պապիկյանը մտերիմ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ, հնարավոր է նաև, որ պաշտոնանկ է արվել, որպեսզի անցնի մեկ այլ պաշտոնի:

Հավելենք, որ Պապիկյանն Իմ քայլը դաշինքի ցուցակով մասնակցեց խորհրդարանական ընտրություններին, սակայն չկարողացավ հայտնվել ԱԺ-ում: