Այսօր՝ հունվարի 22-ին, Analitik.am-ի հետ կապ հաստատեց Հայկ Զոհրաբյանը, ով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Գերմանիայից վերադարձել էր այն հույսով, որ Հայաստանում դրական փոփոխություններ են տեղի ունեցել. «Բարձր գոռում էին՝ վերադարձեք հայրենիք, գործ կա, աշխատեք, մեր երկիրը ծաղկացրեք: 7ամիս է, որ Գերմանիայից եկել ու լսում եմ, որ միայն ծանոթ-բարեկամն է անցնում գործի: Աշխատանք ստանալու համար որտեղ դիմում եմ, ասում են, որ հերթում շատ մարդիկ կան ու պիտի սպասեմ: Փաստն այն է, որ իրենց տված խոստումներից ոչինչ չարեցին ու չեն էլ անելու: Սա իշխանափոխություն էր, ոչ թե հեղափոխություն»:
Զոհրաբյանը նաև պատմում է այն մասին, թե ինչ է կատարվել, երբ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում աշխատանքի անցնելու համար գնացել է այնտեղ. «Երբ վարչապետի աշխատակազմում աշխատանք ստանալու համար հարցազրույցի հրավիրեցին, ես գնացի, բայց հարցազրույց վերցնողը ներկաներից գին էր հարցնում, թե ով ինչքան գումարով է համաձայն աշխատել ու ամենամատչելի գին առաջարկողին աշխատանքի ընդունեցին: Ուրիշ տեղ դիմել եմ, ասել են՝ անվճար աշխատեք, բա մեր տունն ո՞վ է պահելու, մյուսին ասում եմ, աշխատանքի տեղավորման գործակալության կայք է ուղարկում: Բա ձեռ չեն առնո՞ւմ, մեկ ուրիշն էլ կոնկրետ ծանոթ մարդու է հերթագրում և սենց շարունակ»:
Ըստ Զոհրաբյանի, Հայաստանը ճահիճ է, և երիտասարդների համար ապագա չկա. «Գերմանիայում կայացած մարդ էի, թողեցի բան ու գործս եկա ու ընկա առաջվա ճահիճը: Ես բանաստեղծ, իրավաբան եմ, ով մտահոգված է այսօրվա «առնետանոց» կոչված գրողների միությամբ ևս: Անտերության է մատնվել, ով ինչ ուզում տպագրում է, ամեն արժան-չարժանի գովասանագրեր, շնորհակալագրեր և պարգևներ են տալիս, իրենք իրենց համար պեչատ են հանել, իբր թե գրող են և իրենց ստեղծագործությունները պեչատում, տալիս են մարդկանց: Մի քանի գրողներ կան, ովքեր ծերության շեմին են ու ոչ մի օգնություն չեն տրամադրում: Գրողների միությունը՝ հանձինս համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի, պետք է լուծարել ու վտարել նման անինքնասեր մարդկանց, փոխարենը բերել այն գրողներին, ովքեր կծաղկացնեն մեր գիր ու գրականությունը, ոչ թե կպղծեն՝ ոչնչացնելով այն»։
Զոհրաբյանը նշեց նաև, որ հեղափոխության շփոթմունքին տրվելով է վերադարձել Հայաստան. «Մտածեցի իրավաբանականի մագիստրատուրան ավարտած տղա եմ, կգնամ գործի կընդունվեմ և կամաց-կամաց առաջ կգնամ: Հեղափոխության ժամանակ գոռում գոչում էին, որ գանք, աշխատենք ու ծաղկեցնենք մեր երկիրը, որ դրանից համ մենք կօգտվեինք, համ էլ պետությունը, բայց իրանք միայն գլխաքանակ ապահովելու համար սուտ խոստումներով կանչեցին և դեռ շարունակում են կանչել մարդկանց»:
Նշենք նաև, որ Հայկ Զոհրաբյանը բաց նամակով դիմել էր Նիկոլ Փաշինյանին:
Օֆելի Իսրայելյան