Հայաստան 

Ի պատիվ Սերժ Սարգսյանի՝ Թուրքմենստանի նախագահի անունից պաշտոնական ընդունելություն է տրվել

analitik.am

Ի պատիվ պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի՝ այսօր երեկոյան նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն:

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը փոխադարձ բաժակաճառերում անդրադարձել են հայ եւ թուրքմեն ժողովուրդների դարավոր բարեկամությանն ու պատմական անցյալին, երկու երկրների հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին եւ այդ հարաբերությունների շարունակական խորացման ու փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորություններին:

Հայաստանի նախագահն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ հայ-թուրքմենական հարաբերությունների, Հայաստանի եւ հայ ժողովրդի հասցեին հնչեցրած ջերմ խոսքերի համար: Սերժ Սարգսյանը խոսելով երկու ժողովուրդների պատմականորեն ձեւավորված հարաբերությունների մասին՝ նշել է, որ դրանք հարյուրամյակների պատմություն ունեն՝ հայ-թուրքմենական առաջին շփումները հասնում են մինչեւ 13-15-րդ դարեր: Նախագահի համոզմամբ, պատմական անցյալը վկայում է երկու ժողովուրդների՝ փոխադարձ հարգանքի, դժվարին պահին միմյանց աջակցելու պատրաստակամության վրա հիմնված խորը հարաբերությունների մասին:

Սերժ Սարգսյանն այդ համատեքստում երախտագիտությամբ է հիշել բարեկամ թուրքմեն ժողովրդի սրտացավ եւ հյուրընկալ վերաբերմունքը դժվարին իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցների նկատմամբ, ովքեր որպես փախստականներ լաստանավերով հասել են նախկին Կրասնովոդսկ՝ փնտրելով փրկություն 20-րդ դարի ինչպես սկզբում, այնպես էլ վերջում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ժամանակ:

Նախագահը գոհունակությամբ է խոսել Թուրքմենստանում տարբեր բնագավառներում զգալի հաջողությունների հասած հայերի մասին, ընդգծելով, որ նրանք միշտ պատրաստակամությամբ եւ անկեղծ ցանկությամբ են մասնակցություն ունեցել Թուրքմենստանի զարգացման, հետագա բարգավաճման գործին: Թվարկելով մի շարք անուններ՝ նախագահը նշել է, որ այդպիսի անունները եւ օրինակները հայ եւ թուրքմեն ժողովուրդների բարեկամական հարաբերությունների պատմության մեջ մեծաթիվ են: Սերժ Սարգսյանը կարեւորել է հարաբերությունների նման բնույթը պահպանելու եւ զարգացնելու անհրաժեշտությունը, որին է միտված նաեւ ՀՀ Նախագահի պաշտոնական այցը Թուրքմենստան:

Նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է բաժակ բարձրացնել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ բարեկամության եւ համագործակցության հետագա ամրապնդման ու երկու երկրների ժողովուրդների խաղաղության եւ բարեկեցության համար:


Նույն շարքից