Ալավերդու պղնձաձուլական փակված գործարանի մասով զարգացումներ դեռ չկան, աշխատակիցները պատրաստվում են կրկին դիմել վարչապետին հասկանալու համար, թե ինչ է իրենց սպասվում:
Analitik.am-ի հետ զրույցում պղնձաձուլարանի աշխատակիցներից Արմեն Կիրակոսյանն ասաց՝ նախորդ հանդիպման ժամանակ իրենց ծանուցում էին տվել, որի համաձայն մինչև անցած տարվա դեկտեմբերի 24-ը համարվելու են պղնձաձուլական գործարանի աշխատող, հիմա էլ երկարացրել են մինչև փետրվարի 28-ը. «Այսինքն՝ մինչև փետրվարի 28-ը նոր ծանուցման համաձայն դեռևս համարվելու ենք պղնձաձուլականի աշխատող»:
Կիրակոսյանը նշեց նաև, որ այս պահին չեն աշխատում և հարկադիր պարապուրդի մեջ են. «Այս պահին տանն ենք և վարձատրվում ենք նախկին ստացած աշխատավարձի երկու երրորդի չափով, դա էլ մինչև մյուս ամսվա վերջ, հետո դա էլ չի լինելու: Մենք հիմա պատրաստվում ենք վարչապետին դիմում գրել ու դրան կցել հարյուրավոր աշխատողների ու քաղաքացիների ստորագրությունները»:
Օֆելի Իսրայելյան