Հայաստան 

Հայաստանը երբևէ չի պաշտպանել որևէ փաստաթուղթ, որում ազգերի ինքնորոշման իրավունքը ստորադասվել է տարածքային ամբողջականությանը. ԱԺ նախագահ

analitik.am

Հայաստանը երբեւէ չի պաշտպանել միջազգային որեւէ փաստաթուղթ, որում ազգերի ինքնորոշման իրավունքը ստորադասվել է տարածքային ամբողջականության սկզբունքին: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, Վիլնյուսում ԵՄ անդամ երկրների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովի շրջանակում «Արեւելյան գործընկերության» պետությունների խորհրդարանների նախագահների մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:


«Հայաստանը մշտապես արտահայտել է իր սկզբունքային դիրքորոշումը ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման վերաբերյալ: Հարկ եմ համարում շեշտել, որ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը հանդիսանում է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական նպատակներից մեկը»,-ասել է նա:


Խոսելով տարածաշրջանային խնդիրների եւ, մասնավորապես, ԼՂ հիմնախմնդրի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ հավատարիմ է ԼՂ հակամարտության կարգավորմանը բացարձակապես խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության հովանու ներքո եւ միջազգայնորեն ճանաչված 3 սկզբունքների շրջանակում. ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում: «Մենք շարունակելու ենք մեր ջանքերը հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ»,-ասել է Հովիկ Աբրահամյանը:

Նույն շարքից