Հայաստան 

Հայաստանի` ՄՄ-ին միացումը, ամենևին չի նշանակում ԵՄ կառույցների հետ համագործակցության թուլացում. Հովիկ Աբրահամյան

analitik.am

Հայաստանի որոշումը` միանալու Մաքսային միությանը, ամենեւին չի նշանակում Եվրամիության եւ եվրոպական կառույցների հետ համագործակցության թուլացում կամ դադարեցում: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, Վիլնյուսում ԵՄ անդամ երկրների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովի շրջանակում «Արեւելյան գործընկերության» պետությունների խորհրդարանների նախագահների մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:


«Հայաստանի Հանրապետությունը մեծ ծավալի աշխատանք է տարել եւ հարուստ փորձ կուտակել Եվրամիության հետ վերջին տարիների ընթացքում ծավալված համագործակցության արդյունքում: Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ եվրոպական արժեքներին ու սկզբունքներին, եւ մենք վճռական ենք մեր եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու եւ խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը` ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանը: 2013 թ. Վիլնյուսյան գագաթաժողովում ընդունված համատեղ հայտարարությամբ Հայաստանը վերահաստատեց իր հանձնառությունը ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը եւ առաջիկայում նախատեսվում են աշխատանքներ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության նոր շրջանակի ձեւավորման շուրջ»,-ասել է նա:


Անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված իրավիճակին՝ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Հայ եւ ուկրաինացի ժողովուրդներին դարեր շարունակ միավորում են եղբայրության եւ բազմադարյա բարեկամության ամուր կապերը: Հավատացած ենք, որ ուկրաինացի ժողովուրդը մեծ ներուժ ունի հաղթահարելու իր առջեւ ծառացած մարտահրավերները»:

Նույն շարքից