Հայաստան 

Արթուր Բաղդասարյանն ու Դմիտրի Ռոգոզինը Մոսկվայում քննարկել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը

analitik.am

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ եւ քննարկել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ անվտանգության եւ տնտեսության ոլորտներին վերաբերող հարցեր:


ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել է նաեւ դրանց առանձին ուղղություններով համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Մասնավորապես, քննարկվել են ռազմատեխնիկական եւ ռազմատնտեսական բնագավառներում, ինչպես նաեւ քաղաքացիական նշանակության արտադրանքի թողարկման ուղղությամբ հայ-ռուսական համագործակցության խորացման հարցերը:


Արթուր Բաղդասարյանն ու Դմիտրի Ռոգոզինը պայմանավորվածություններ են ձեռք բերել նաեւ պետական ռեզերվների, արտակարգ իրավիճակների եւ մի շարք այլ ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցության հետագա զարգացման վերաբերյալ:


Արթուր Բաղդասարյանը Դմիտրի Ռոգոզինին հրավիրել է այցելել Հայաստան, ինչը սիրով ընդունվել է:


Այցի ընթացքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպում է ունեցել նաեւ ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի հետ, որի ժամանակ քննարկվել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությանը, այդ թվում ռազմարդյունաբերության ոլորտում հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նույն շարքից