Հայաստան 

Չեխիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խումբը ամենամեծն է. Չեխիայի խորհրդարանի նախագահ

analitik.am

Հայաստանը հավատարիմ է բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, Վիլնյուսում ԵՄ անդամ երկրների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովի շրջանակում, Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեայի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք քննարկել են հայ-ռումինական, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին:

ԱԺ նախագահը նշել է, որ հայ-ռումինական երկկողմ հարաբերությունների առավել սերտացման համար կարեւոր է միջխորհրդարանական բաղադրիչը եւ անհրաժեշտ համարեց երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացումը եւ խորացումը:

Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է եւ իր մտահոգությունը հայտնել հայաբնակ Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեան նույնպես կարեւորել է երկու երկրների հարաբերությունների զարգացումը եւ այդ համատեքստում խորհրդարանների միջեւ համագործակցության խորացումը: Հայ-ռումինական միջխորհրդարանական երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցությունը զարգացնելու նպատակով նա Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրել է Ռումինիա:

ԱԺ նախագահի եւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի հետ հանդիպման ժամանակ կողմերը կարեւորել են միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը, տնտեսական կապերի զարգացումը, համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:

ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Չեխիայի հետ երկկողմ եւ բազմակողմ համագործակցությունը, քաղաքական երկխոսության շարունակականությունը, առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնումը: Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել միջխորհրդարանական հարաբերությունների առկա բարձր մակարդակի կապակցությամբ:

Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահը նշել է, որ Չեխիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խումբը ամենամեծն է պատգամավորների թվով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան ԼՂ հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերություններին, Քեսաբում տիրող իրավիճակին եւ տարածաշրջանային այլ խնդիրների:

Հովիկ Աբրահամյանը իր չեխ գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

Նույն շարքից