Առողջապահություն Հասարակություն 

Հայաստանում նորարարություն կլինի շտապօգնության ծառայության մասով

analitik.am

Այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, խոսելով շտապօգնության կանչերի մասին, նշեց, որ դրանց  ճնշող մեծամասնությանը շտապօգնության կանչ չէ. «Դա պարզապես բժշկի կանչ է տուն, ինչը այդպես չպետք  է լինի: Ամբողջ աշխարհում շտապօգնության ավտոմեքենաները ծանր հիվանդներին հիվանդանոց տեղափոխելու համար են: Իսկ մեզ մոտ հոսպիտալացումով ավարտվում է միայն կանչերի 30 տոկոսը»:

Թորոսյանի խոսքերով, այս հարցում գլոոբալ խնդիր կա խրոնիկական հիվանդությունների վերահսկման մասով. «Եթե մեր առաջնային օղակն ավելի լավ աշխատի, ինչը մենք հիմա փորձում ենք անել, դեղորայքը ճիշտ նշանակվի և օրինակ ճնշման մասով շտապօգնության կանչերը պրակտիկորեն չեն լինի: Մեր շտապօգնության կանչերի մեծ մասով բժիշկները գնում են, ճնշում իջեցնող դեղ ներարկում ու գնում մյուս կանչով: Սրա պատճառով լինում են դեպքեր, երբ ուշացում է լինում իրական շտապօգնության կանչերի մասով»:

Նախարարը նշեց, որ խնդրին տեղյակ են ու աշխատանքներ են տարվում: Նրա խոսքերով, խնդիրը հիմնականում Երևանում է, ինքը սեփական հեռախոսով հետևում է կանչերին: Թորոսյանը հայտնեց, որ բրիգադներ են ավելացվելու, բացի դրանից մի նորարարություն կարող է լինել. «Երեկոյան ոչ շտապօգնության, այլ բժշկի կանչերը կլինեն սովորական մեքենաներով, հերթապահություն անող բժիշկները կգնան կանչով, կօգնեն քաղաքացիներին ու խորհուրդ կտան, թե ինչ պետք է անել: Դա լինելու է անվճար և գործելու է Երևանում, քանի որ խնդիրը Երևանում է հիմնականում»:

Թորոսյանը նաև հայտնեց, որ միտք կա շտապօգնության համակարգը վերակազմակերպելու մասին, որի արդյունքում մեկ ծառայություն կլինի Հայաստանի համար, որը կամ կենթարկվի Առողջապահության նախարարությանը, կամ կտրվի կոնցեսիոն կառավարման:

 

Նույն շարքից