Խորհրդարանական ընտրություններից առաջ չտրվեցին մի քանի կարևոր հարցերի պատասխաններ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը՝ խոսելով մասնավորապես ԼՂ հակամարտության կարգավորման մասին. «Օրինակ, երբ ասվեց, որ պետք է Արցախը վերադառնա բանակցային սեղան, դա արդյո՞ք նշանակում էր, որ Հայաստանը որևէ բանակցություն չի սկսելու, եթե Արցախը ներկա չլինի, թե ուղղակի Հայաստանը տակտիկական խնդիր է դրել, որը որոշակի ժամանակ կպահանջի»:
Սաֆարյանի խոսքերով, հանուն արդարության պետք է ասել, որ նախկին իշխանությունները, Սերժ Սարգսյանը ևս փորձել են նման խնդիր դնել ու լուծել, սակայն չի ստացվել. «Երբեմն ճակատագրկան սխալները շատ թանկ են արժենում: Կոնկրետ այս մի սխալը թույլ է տրվել Քոչարյանի նախագահության շրջանում: Սա Ադրբեջանը համարում է իր տակտիկական հաջողություններից մեկը, դրա համար Արցախը բանակցային սեղան վերադարձնելը այդքան էլ հեշտ չէ: Ամեն դեպքում Մինսկի խմբի շրջանակներում նախկինում եղել է չգրված պայմանավորվածություն, որի մասին հայտարարել են համանախագահները, որ ինչ-որ պահի պետք է Արցախը միանա: Սա այն նվազագույնն է, ինչին Ադրբեջանը չի կարող առարկել: Իմանալու համար, թե որքանով ՀՀ-ն կկարողանա այս նվազագույնից հասնել Արցախի վերադարձին, մենք պետք է տեղեկություններ ունենանք այժմ քննարկվող հարցերի մասին: Չեմ բացառում, որ այդ հարցն օրակարգային լինի նաև այս պահին, որովհետև անհասկանալի կլինի, եթե Փաշինյանը գնա բացարձակ այլ ճանապարհով, քան այն, ինչ հայտարարել էր: Նա հայտարարել էր, որ ինքը չունի Արցախի որևէ քաղաքացու կողմից տրված մանդատ այդ հարցով բանակցելու համար: Սա հստակ արված հայտարարություն է, որին դեմ գնալը Փաշինյանի համար չափազանց դժվար կլինի: Փաշինյանը նաև հայտարարել էր, որ ՀՀ-ն չունի Արցախի ճակատագիրը որոշելու որևէ իրավունք և մանդատ»:
Սաֆարյանը կարծում է, որ Փաշինյանը շատ լավ է գիտակցում, թե ինչ հայտարարություններ է արել նախկինում և այժմ բանակցային այլ պայմանների համաձայնվել չի կարող. «Նման վրիպումը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ ոչ միայն իր, այլ նաև Հայաստանի համար»: