Հայաստան 

Վարչապետի հրաժարականը պետք է գնահատել որպես պատմական տարողության մի իրադարձություն. Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը

analitik.am

Ներկայացնում ենք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի iLur.am-ին տված հարցազրույցից մի հատված:


– Պարոն  նախագահ,  ինչպե՞ս եք  գնահատում  վարչապետի հրաժարականի փաստը։


 Վերանալով վարչապետի անձից, նրա հրաժարականը նախ և առաջ պետք է գնահատել որպես պատմական տարողության մի իրադարձություն, որի կարևորությունն, իմ տպավորությամբ, դեռևս բավարար չափով չի գիտակցվել հասարակության և նույնիսկ քաղաքական շրջանակների կողմից։ Անկախության շրջանում առաջին անգամ մեր երկրում կառավարության փոփոխություն է տեղի ունեցել ընդդիմության ճնշման արդյունքում։ Հետևաբար, բոլոր այն խոսակցությունները, թե Հայաստանում սահմանադրական ճանապարհով որևէ բան փոխել հնարավոր չէ, հօդս են ցնդում։ Իսկ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը ոչ այլ ինչ է, եթե ոչ ժողովրդավարական երկրներում կիրառվող սահմանադրականության սովորական մեխանիզմ։


– Դուք ասացիք, որ կառավարության փոփոխությունը փաստորեն պարտադրվել է ընդդիմության կողմից, մինչդեռ իշխանությունները պնդում են, թե վարչապետը պաշտոնից ինքնակամ հրաժարվել է իր դիմումի համաձայն, իսկ որոշ քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ էլ նրա հրաժարականի այլ պատճառներ են մատնանշում։


 Իշխանությունների պնդումները պատկանում են հեքիաթի ժանրին և սեփական դեմքը փրկելու ճիգից բացի որևէ այլ բան չեն նշանակում, իսկ Ձեր նշած քաղաքական գործիչների ու վերլուծաբանների բերած պատճառներն, ընդամենը, միտված են խորհրդարանական ընդդիմության դերը նսեմացնելուն։ Վարչապետի հրաժարականն արդյունք է բացառապես Ազգային Ժողովի չորս ընդդիմադիր խմբակցությունների կողմից այդ հարցով ստորագրահավաք սկսելու և շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպելու վերաբերյալ համատեղ կայացված որոշման։ Ուստի միանգամայն զուր են այլևայլ ձեռնածություններով ժողովրդին մոլորեցնելու էժանագին հնարքները։


– Քառյակի որոշումը մի՞թե բավարար էր և արդյո՞ք շուրջօրյա հանրահավաքներն այդքան լուրջ սպառնալիք էին, որպեսզի Սերժ Սարգսյանը ժամանակից շուտ ընկրկեր ու թոշակի ուղարկեր վարչապետին։


 Անշուշտ այդպես էր, որովհետև իշխանությունները չէին կարող չհասկանալ (իսկ Սերժ Սարգսյանը, ինչ-ինչ, բայց հաշվել գիտի), որ եթե մարտի 1-ին Կոնգրեսին հաջողվեց երեսունհազարանոց հանրահավաք գումարել, ապա քառյակի կողմից կազմակերպված շուրջօրյա հանրահավաքների պարագայում այդ թիվը կարող էր եռապատկվել, հնգապատկվել կամ նույնիսկ տասնապատկվել` ո՛չ ամենևին չորս ուժերի համակիրների թվաբանական գումարի, այլ սիներգիայի օրենքի ներգործությամբ, երբ երկուսին գումարած երկուսը ոչ թե չորս է, այլ տաս, քսան, և անգամ ավելին։


– Իսկ բացի քառյակի գործոնից, վարչապետի հրաժարականի հարցում, Ձեր կարծիքով, ի՞նչ դեր են խաղացել քաղաքացիական շարժումները, մասնավորապես, «Դեմ եմ» նախաձեռնությունը։


 Երկրում իրական փոփոխությունների իրականացման գործում քաղաքացիական շարժումների դերը և քաղաքական ու քաղաքացիական ուժերի համագործակցության կարևորությունը ես հիմնավորապես գնահատել եմ իմ վերջին հրապարակային ելույթում։ Ուստի անժխտելի է, որ հասարակական ակտիվության առումով քաղաքացիական գործոնն էլ տվյալ հարցում որոշ դեր խաղացել է, բայց միայն անուղղակիորեն, քանի որ, ինչպես հայտնի է, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ ուղղված շարժումը, ձգտելով զերծ մնալ իր հետապնդած խնդրի քաղաքականացումից, երբևէ վարչապետի հրաժարականի պահանջ չի ներկայացրել։


– Կարելի՞ է, արդյոք, զուգահեռներ անցկացնել Ուկրաինայում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների միջև։


 Զուգահեռներն, իմ կարծիքով, բոլորովին անտեղի են։ Ուկրաինական իրադարձությունները կապված են Արևմուտքի և Ռուսաստանի միջև այդ երկրի քաղաքական կողմնորոշման «հավերժական» երկընտրանքի հետ։ Այդպիսի երկընտրանքի առջև Ուկրաինան կանգնած է եղել Բոգդան Խմելնիցկու ժամանակներում, Պետլյուրայի օրոք և երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Նույնը տեղի է ունենում այսօր և դեռևս շարունակվելու է ապագայում։ Մինչդեռ Հայաստանում քաղաքական առումով, շեշտում եմ, քաղաքական, այլ ոչ թե արժեքային կամ մշակութային առումներով, հատուկենտ անհատներից ու լուսանցքային տարրերից բացի, արևմտամետ ուժեր գոյություն չունեն։ Եթե ունենային, ապա քսան-երեսուն հոգիանոց բողոքի ցույցերի փոխարեն վաղուց բազմազանգված Մայդան կկազմակերպեին։ Սեպտեմբերի 3-ից ավելի քան յոթ ամիս է անցել, իսկ Մայդան այդպես էլ չկա ու չկա։ Հայաստանյան իրադարձություններն, ըստ այդմ, ի տարբերություն Ուկրաինայի, կապված են ոչ թե արտաքին, այլ բացառապես ներքին խնդիրների, ավելի ճիշտ, ատելի ավազակապետական ռեժիմից ազատվելու միակ խնդրի հետ, որը գոյություն է ունեցել սեպտեմբերի 3-ից շատ առաջ, ամենևին առնչություն չունենալով եվրոասոցացումից դեպի եվրասիացում կատարված կտրուկ շրջադարձի հետ։


-Շատ լավիսկ այժմ վերադառնանք վարչապետի հրաժարականից հետո Հայաստանում ստեղծվածիրավիճակինսկսելով այն հարցիցթե Ձեր կարծիքովայսուհետև ինչպիսի ռազմավարություն էընտրելու Սերժ Սարգսյանը։


 Կառավարության փոփոխությամբ Սերժ Սարգսյանի ռազմավարությունն ամենևին չի փոխվելու և ինչպես նախկինում շարունակելու է հետապնդել մինչև իր ժամկետի ավարտը պաշտոնավարելու, իսկ դրանից հետո հավատարիմ ժառանգորդ կարգելու կամ փոփոխված սահմանադրության ընձեռած լայն լիազորություններով վարչապետի պաշտոնն զբաղեցնելու միջոցով իր իշխանությունը ևս տասը տարով երկարաձգելու նպատակը։


– Իսկ որոնք կարող են լինել այդ նպատակին հասնելու համար Սերժ Սրագսյանի կողմիցձեռնարկվելիք մարտավարական քայլերն ու հնարքները։

– Վարչապետի պաշտոնում քիչ թե շատ ընդունելի թեկնածություն առաջարկելու և դրանով հանրային դժգոհության ալիքը մեղմելու, ընդդիմությանը պաշտոններով գայթակղելու ու նրա շարքերում պառակտումներ առաջացնելու միջոցով ժամանակ շահել և սեփական դիրքերն ամրապնդելուց հետո հեշտուհանգիստ անցնել վերոհիշյալ ծրագրի իրականացմանը։ Ավելորդ եմ համարում մանրամասնել, քանի որ այս հարցին հագամանորեն անդրադարձել է Հրանտ Տեր-Աբրահամյանի հեղինակած և ձեր կայքում տեղադրված խմբագրականը (iLur.am. 7.04.2014)։


– Սերժ Սարգսյանին կհաջողվի՞, արդյոք, կիրառել այդ մարտավարությունը և հասնել իր նպատակին։


 Պետք է նկատի ունենալ, որ քաղաքական ինտրիգների բնագավառում Սերժ Սարգսյանը Հայաստանում մրցակից չունի։ Ուստի այդ ամենը նրան կհաջողվի, եթե ընդդիմադիր ուժերը զգոն չգտնվեն և համարժեք կերպով չգնահատեն սեփական հնարավորությունները։ Իմ տպավորությամբ, ընդդիմությունը դեռևս մինչև վերջ չի գիտակցել, որ ընդամենը շուրջօրյա հանրահավաքների սպառնալիքի միջոցով հասնելով վարչապետի հրաժարականին, արդեն իսկ մեծ հաղթանակ է տարել, իսկ Սերժ Սարգսյանը, եթե ոչ ամբողջովին, ապա գոնե կիսով չափ կապիտուլյացիայի է ենթարկվել։ Չզարգացնել այդ հաջողությունը` կնշանակի մեծագույն նվեր մատուցել Սարգսյանին և նպաստել երկրում տիրող մղձավանջի խորացմանը։


– Եթե գաղտնիք չէ, ապա կարո՞ղ եք ասել, թե այդ պարագայում ինչ հակաքայլեր պետք է ձեռնարկի ընդդիմադիր քառյակը։


 Անշուշտ տեղյակ եք, որ քառյակում այդ հարցերի շուրջ ներկայումս ինտենսիվ խորհրդակցություններ են ընթանում, որոնք դեռ իրենց ավարտին չեն հասել։ Հետևաբար, իրավունք չունենալով խոսելու քառյակի անունից, ես կարող եմ արտահայտել միայն իմ մասնավոր տեսակետը, որը հանգում է հետևյալին.


ա. Ընդդիմությունը ոչ մի պարագայում խաղերի մեջ չպետք է մտնի Սերժ Սարգսյանի հետ և չպետք է մաս կազմի նրա կողմից ձևավորված որևէ կառավարության, անգամ եթե վարչապետի պաշտոնը առաջարկվի ընդդիմադիր գործիչներից մեկին։ Որովհետև, թեև Սարգսյանը անզոր ու անճարակ է բաց քաղաքականության մեջ, բայց ինչպես քիչ առաջ ասվեց, գրեթե անպարտելի է վարագույրի ետևում ընթացող ինտրիգների դաշտում։ Իսկ դա նշանակում է, որ փաստացի տիրապետելով ուժային կառույցներին, դատախազությանը, դատական համակարգին և տեղեկատվական ոլորտին, նա ի վիճակի է ընդամենը մի քանի ամիսների ընթացքում վարկաբեկել ցանկացած կառավարության` վարչախմբի բոլոր անհաջողությունները բարդելով նրա վրա։


բ. Հետևաբար, ընդդիմությունը կա՛մ պետք է շուրջօրյա հանրահավաքների միջոցով անմիջապես բարձրացնի արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, կա՛մ էլ ընտրելով միջանկյալ և իշխանափոխության ավելի փափուկ տարբերակ, խորհրդարանական քննարկումների օրերին, կրկին շուրջօրյա հանրահավաքների ճնշման տակ, պետք է երկիցս վիժեցնի նոր կառավարության ծրագրի ընդունումը՝ ստիպելով Սարգսյանին, Սահմանադրության համաձայն, ցրել խորհրդարանը և Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնել։


գ. Երկրում արմատական փոփոխությունների իրականացման և օրինական իշխանությունների ձևավորման այս գերնպաստավոր պահը չի կարելի կորցնել, որովհետև հետագայում այդպիսի պահ կարող է այլևս չստեղծվել, ինչի պատասխանատվությունը կընկնի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի վրա։ Այս առիթով էլ կուզեի ընթերցողի ուշադրությունը հրավիրել Աշոտ Սարգսյանի հեղինակությամբ ձեր կայքում հրապարակված խմբագրական հոդվածի վրա (iLur.am. 08.04.2014)։


Հարցազրույցն ամբողջությամբ՝ iLur.am-ում

Նույն շարքից