Այդ թեմայի մասով կա որոշակի թյուրըմբռնում: Ընդհանուր առմամբ պարգևավճարները և աշխատավարձերը վճարվում են պետական բյուջեով նախատեսված այն միջոցներից, որոնք նախատեսված են հենց պարգևավճարների և աշխատավարձեր համար: Ըստ էության, մեր պետական կառավարման համակարգում պարգևավճարներն աշխատավարձի մաս են:
Այսօր՝ հունվարի 23-ին, լայվի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով պարգևավճարների մասին և նշելով, թե գիտի, որ այսօր Հայաստանում այդ թեման ակտիվորեն քննարկվում է: Փաշինյանի խոսքերով, Հայաստանում եղել է ավանդույթ, որ ամեն եռամսյակը մեկ պետական համակարգի աշխատողները կամ նրանց առնվազն մի մասը ստացել են պարգևավճար. «Սա կարևոր թեմա է, ինչը վերաբերել է պետական ողջ համակարգին: Դրա համար առնվազն զավեշտալի է հետևել, թե ինչպես են ԱԺ պատգամավորները քննադատում կառավարությանը կամ մարզպետարաններին պարգևավճարների համար: Պատգամավորները չեն ասում, որ իրենք էլ են ստացել այդ 13-րդ աշխատավարձը, որը վերջին երկար տարիներին ավանդույթ է:
Պատգամավորները չեն ասել, որ լուծարված խորհրդարանի պատգամավոր են և հաճույքով ստացել են այն: Ես էլ, լինելով ԱԺ պատգամավոր, միշտ ստացել եմ այդ 13-րդ աշխատավարձը, բոլորն են ստացել»:
Փաշինյանի խոսքերով, երբ ինքը ստանձնել է վարչապետի պաշտոնը, որոշում է կայացրել որևէ վատացնող քայլ չձեռնարկել, քանի դեռ աշխատավարձերի հետ կապված հարցը չի լուծվել. « Պարգևավճարներն աշխատավարձի մաս են: Պետական բյուջեն այդ գումարը հենց այդ նպատակով հատկացրել է, հաշվարկվել է, որ եռամսյակը մեկ պարգևավճար վճարվի, որն աշխատավարձի մաս է: Պարգևավճարն աշխատավարձի հավելում է, որը համատարած կարծիքի համաձայն շատ ցածր է և թույլ չի տալիս, որպեսզի պետական համակարգում աշխատողներն առավել մեծ ջանք գործադրեն, կամ առավել բարձր որակավորում ունեցող կադրեր ներգրավվենք գործընթացի մեջ: Այս պատմությունը հասկանալի է, սակայն մենք պետք է հասկանանք դրա նրբությունները»:
Նշենք, որ վարչապետը որևէ խոսք չասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասին, ով ինքն իրեն պարգևատրել է աշխատավարձըի 104,5 տոկոսի չափով, ինչի իրավունքն օրենքով չունի:
Նշենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լայվն ընդհատվեց: