«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում հունվարի 23-ին տեղի ունեցավ Հոգաբարձուների Խորհրդի նոր կազմով նիստ։ Այն բացեց Խորհրդի ամենատարեց անդամ, ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանը: Շնորհավորելով Հոգաբարձուների Խորհրդի նոր անդամներին՝ Յու.Սարգսյանը, նախ, Խորհրդի անունից շնորհակալություն հայտնեց Հոգաբարձուների Խորհրդի նախորդ նախագահին և քարտուղարին աշխատանքի համար, ներկայացրեց Խորհրդի աշխատակարգը և օրակարգը:
Հոգաբարձուների Խորհրդի կողմից նիստի օրակարգը հաստատելուց հետո ԱԺ պատգամավոր, ՀՀ կրթության և գիտության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը Հոգաբարձուների Խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրեց Պոլիտեխնիկի շրջանավարտ, «Սինոփսիս Արմենիա» ընկերություն տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Հովիկ Մուսայելյանի թեկնածությունը:
Խորհրդի կողմից որոշում կայացվեց ընտրությունն անցկացնել բաց քվեարկությամբ, արդյունքում՝ Հ.Մուսայելյանը միաձայն ընտրվեց ՀԱՊՀ Հոգաբարձուների Խորհրդի նախագահ: Շնորհակալություն հայտնելով իրեն վստահելու համար՝ Հ.Մուսայելյանն ընդգծեց, որ համալսարանում կարևոր խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն: «Ես կարևորում եմ համալսարան-մասնավոր համագործակցությունը: Համալսարանի զարգացման համար շատ կարևոր է նաև պրոֆեսորադասախոսական կազմի որակների էլ ավելի բարձրացումը: Այս պահին հիանալի նվիրյալ դասախոսներ կան Պոլիտեխնիկում, ովքեր որակյալ կադրեր են պատրաստել: Սակայն, կարծում եմ, որ այսօր խնդիրը կայանում է նրանում, որ երիտասարդներից քչերն են ցանկանում մնալ համալսարանում և աշխատել»,- ասաց Մուսայելյանը և հավելեց, որ այդ ամենի հիմնական խնդիրն աշխատավարձերն են:
Այնուհետև օրակարգային երկրորդ հարցի շրջանակում Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամ Ամալյա Ալոյանը Հոգաբարձուների Խորհրդի քարտուղարի պաշտոնում առաջադրեց Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանող, Ուսանողական Խորհրդի Ուսանողական Գիտական Ընկերության նախագահ Ալեքսանդր Դռնոյանի թեկնածությունը: Ա.Դռնոյանը միաձայն ընտրվեց Հոգաբարձուների Խորհրդի քարտուղար:
Ապա ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը ներկայացրեց բուհի 2017-2018թթ. հաշվետվությունը՝ անդրադառնալով բուհին վերաբերող տարբեր խնդիրներին:
Ռեկտորը մանրամասնորեն ներկայացրեց հաշվետու ժամանակամիջոցում համալսարանի տարբեր ոլորտների գործունեությունը բնութագրող հիմնական ցուցանիշները` համեմատելով դրանք ինչպես նախորդ տարիների ցուցանիշների հետ, այնպես էլ ՀԱՊՀ 2016-2020 թթ. Ստրատեգիական պլանով նախանշված առաջընթացի կողմնորոշիչ ցուցանիշների հետ: Ներկայացվեցին այդ ընթացքում համալսարանի նշանակալի ձեռքբերումները, ինչպես նաև մարտահրավերները, նշվեցին վերջիններիս դիմագրավմանն ուղղված առաջիկա քայլերն ու երաշխիքները: Նշվեց, որ այսօրվա իրողություններին համահունչ համալսարանը կարողացել է կատարել կարևոր առաքելություն՝ ապահովելով ֆինանսական կայունություն, որը կարևորագույն խնդիրներից մեկն է, ինչպես նաև աննախադեպ դժվարին պայմաններում իրականացրել է բակալավրական կրթական ծրագրի ընդունելություն, ինչի համար արժանին պետք է մատուցվի ընդունող հանձնաժողովի քարտուղարությանը։ Ի տարբերություն մյուս բուհերի, չնչին թվով բուհեր են մնացել, որոնք չեն ստեղծել ընդունելության կազմակերպման շուրջտարյա գործող կառույց։ Գիտահետազոտական ոլորտում իրականացվեց բավական ծավալուն ծրագիր և ստեղծվեց «Պոլիտեխնոպարկ», որի ուղղությամբ պետք է ակտիվացնել աշխատանքները և այդ գործիքամիջոցները համալսարանին պետք է ֆինանսական լուրջ միջոցներ բերեն։
Հոգաբարձուների Խորհրդի նոր կազմով նիստին ներկայացված հաջորդ հարցը վերաբերում էր ՀԱՊՀ 2018թ. ֆինանսական նախնական հաշվետվությանը և 2019թ. եկամուտների ու ծախսերի նախահաշիվներին: Հարցը ներկայացրեց ՖՏՎ պետ, գլխ. հաշվապահ Կ. Խաչատրյանը: Այնուհետ Ո. Մարուխյանը և Կ.Խաչատրայնը պատասխանեցին Խորհրդի անդամների հարցերին:
Հոգաբարձուների Խորհուրդը որոշեց հաստատել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2017-2018թթ.հաշվետվությունը և 2019թ. ֆինանսական եկամուտների ու ծախսերի նախահաշիվները: