Այս 100 օրը բավականին հետաքրքիր էր, բավականին բան սովորեցի, հասկացա, թե ինչ պետք է չանեմ ու սկսում եմ լիովին հասկանալ, թե ինչ պետք է անեմ հետագայում: Այսօր՝ հունվարի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ հավելելով, որ իր գործունեությունն այդ պաշտոնում չի լինելու շատ երկարատև՝ ելնելով տարիքից և հնարավորություններից. «Ես մնալու եմ մինչև 2,5 տարի: Այդ ընթացքում անելու եմ այն, ինչը մտադիր եմ անել»:
Մեսչյանը խոսեց նաև Արամի 23-ի հասցեում գտնվող հուշարձան շենքի պատի փլուզման մասին՝ հայտարարելով, որ այն վերականգնվելու է և ևս մեկ անգամ հաստատելով, որ Երևանում հուշարձան չի քանդվելու:
Պարզվում է, որ Մեսչյանի հասցեին քննադատություններ են հնչել նաև Հանրապետության հրապարակի տոնածառի մասով: Երևանի գլխավոր ճարտարապետը նշեց, որ իրեն քննադատել են տոնածառի տեղի և չափսերի մասով, սակայն դա իր որոշելիքը չէ, ինքը տոնածառի հարցով չի զբաղվել, դա արել են այլ մարդիկ, իր լիազորությունների մեջ դա չի մտնում: