Հասարակություն 

Ես գիշերը հանգիստ եմ քնում. Արթուր Մեսչյանն անկեղծացավ, թե ինչ է արել իր պարգևավճարը

Ես թվերը նոր եմ լսել ու իմացա, որ բավականին աղմուկ է բարձրացրել: Այսօր՝ հունվարի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ խոսելով պարգևավճարների մասին:

Մեսչյանը ցանկացավ թեմայի շուրջ խոսքը բաժանել երկու մասի՝ առաջարկելով նախ խոսել այն մարդկանց մասին, ովքեր երկար տարիներ են աշխատում. «Հեղափոխությունից հետո իրոք իրավիճակ է փոխվել, մարդիկ նստել են 100 տոկոսանոց իրենց աշխատավարձի վրա: Մարդիկ մինչև ժամը 22:00-ը նստած աշխատում են, աշխատանքի ծավալը շատ է: Եթե հնարավորություն կա Նոր տարվա շեմին, իսկապես նվիրյալ աշխատանքի համար պարգևատրել մարդկանց, դրա մեջ վատ բան չկա: Հիմա խոսենք նրանց մասին, ովքեր նոր են սկսել աշխատել: Սա վերաբերում է նաև ինձ: Ես սուտ չեմ խոսում, հավես չունեմ: Ես չգիտեմ, թե որքան են ինձ փոխանցել քարտի վրա, սակայն ես գիտեմ, թե ինչ եմ արել այն, սակայն դա չեմ ասի: Ես չեմ ասի, թե ինչով եմ զբաղվում իմ կյանքում: Զզվում եմ այդ բառից (նկատի ունի բարեգործությունը): Այդ գումարը, որ փոխանցվեց իմ հաշվեհամարի վրա, չի նշանակում, որ ես իմ մեկ սենյականոց բնակարանից տեղափոխվելու եմ 4 սենյականոց բնակարան, չի նշանակում, որ իմ 94 թվականի մեքենան դարձավ Մերսեդես: Իմ ստացած գումարը ես գիտեմ, թե ինչ եմ արել ու գիշերները հանգիստ քնում եմ»:

Մեսչյանն ասաց, որ չգիտի, թե ինչ են արել քաղաքապետարանի մյուս աշխատակիցները ստացած պարգևավճարով, միգուցե նույնն են արել. «Ես միայն մի բան կասեմ՝ այդ գումարը, որ ես ստացա, ինձ համար բարոյական բեռ չդարձավ: Երբ ամբողջի մեջ նայում ես, այլ պատկեր է, իսկ երբ սկսում ես շերտերով նայել, իրավիճակը մի փոքր մեղմանում է: Ես ուրախ կլինեի, որ բոլոր հիմնարկությունները ստանան ոչ թե 13-րդ, այլ 20-րդ աշխատավարձ: Բյուջեով դա պլանավորած էր, իմ կարծիքով աղմուկը մի քիչ շատ էր»:

 

Նույն շարքից