Կոնկրետ թվեր չեմ բերելու, քանի որ անձնական տեղեկատվության գաղտնիության պահպանման իրավական պարտականություն ունենք: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ խոսելով պարգևավճարների շուրջ հասունացած սկանդալի մասին և հավելեց, որ ՊԵԿ-ն այդ մասով արդեն պարզաբանում է տարածել:
Անանյանը կոչ արեց համբերությամբ զինվել և սպասել իր տարեկան եկամուտների հայտարարագրին, որտեղ կլինեն բոլոր թվերը:
ՊԵԿ նախագահը նշեց, որ տեղեկատվությունը սուտ է, նման թվեր չկան ու չեն կարող լինել:
Ինչ վերաբերում է ամենամեծ պարգևավճարին, որը տրվել է, Անանյանն ասաց, որ առձեռն վճարված պարգևատրման չափը առավելագույնը կազմել է 1,5 միլիոն դրամ: ՊԵԿ նախագահը չասաց, թե ով է ստացել այդ պարգևավճարը:
ՊԵԿ նախագահը հայտարարեց, որ չի կարող հրապարակել, թե որքան պարգևավճար են ստացել մյուսները, քանի որ անձնական տվյալների գաղտնության պահպանման հարց կա: Նա նշեց, որ պատրաստվում է հրապարակել իր պարգևավճարի չափը՝ դա անելով տարեկան հայտարարագրում:
ՊԵԿ նախագահը հավաստիացրեց, որ բոլորը պարգևատրվել են՝ իրենից սկսած մինչև հավաքարար:
Անանյանը նաև հայտարարեց, որ ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում. «ՊԵԿ-ը մյուս պետական մարմիններից ավելի մեծ պարգևատրումների ֆոնդ ունի, քանի որ այստեղ կոռուպցիայի և կաշառակերության ռիսկերը ավելի մեծ են»:
ՊԵԿ նախագահը նշեց, որ ՊԵԿ-ի պարգևավճարների մասին հրապարակում արած մամուլն օրենքի խախտում է թույլ տվել, սակայն դատի չեն տալու: