Կա կառավարության որոշում, որտեղ Արամի 23-ը պետք է մնացած բոլոր հուշարձանների հետ տեղափոխվի, դա որոշվել է 2004 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Մշակույթի նախարարության համաձայնությամբ, բայց եկա ես ու ասացի՝ ոչ: Այսօր՝ հունվարի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
Մեսչյանը հիշեցրեց, որ վարչապետ Փաշինյանը ևս ասել էր, որ պետք է տեղափոխվի. «Կներեք ես վարչապետին շատ եմ հարգում, բայց ճարտարապետական տեսանկյունից այն արդեն իմ խնդիրն է, և ես ասում եմ ոչ: Նույն տարբերակով պահպանվելու են մյուս կառույցները ևս: Լավ կլինի, եթե այն խնդիրը, որն այսօր ունի Արամի 23-ը, չունենան մյուսները, իսկ եթե հողային հատկացումները կատարվեն այնպես, ինչպես՝ այս դեպքում, հենց այդպես էլ կլինի: Դրա համար ես հիմա կպահանջեմ պատրաստել նախագիծ, որը 100 տոկսով ապահովում է հուշարձանների պահպանությունը: Այսինքն, եթե պետք լինի, ստորգետնյա ավտոկայանատեղիները պետք է փոխվեն և այլն: Արամի 23-ի դեպքում, երբ ես եկա, փոսն արդեն փորված էր, պատն արդեն ճաքած էր, արդեն փաստի առաջ էի կանգնած: Ի դեպ, երբ պատը փլվեց, հուշարձանը տեղափոխելու որոշումը դեռ կար, այն միայն այսօր է փոխվելու»:
Մեսչյանը շնորհակալություն հայտնեց Արամի 23-ին իրենց զգաստացնելու համար:
Գլխավոր ճարտարապետը հայտնեց նաև, որ ստորագրվել է եռակողմ պայմանագիր՝ տարածքի իրացնողի՝ AMC-ի, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի ու մշակույթի նախարարության միջև: Պայմանագրով կառուցապատողը 14 մլն դրամ է տրամադրելու իտալացի ճարտարապետ Լուչիո Պեցին, որն էլ պետք է պատրաստի կառույցի վերականգման նախագիծը