Հայաստան 

ՀՀ կառավարության միասնական իրավական դիրքորոշումը՝ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման առթիվ

analitik.am

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը տեղեկացրել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը որոշակի պարզաբանումներ է պատրաստել` կապված Սահմանադրական դատարանի որոշման կիրառման հետ: Պարզաբանումները կառավարությանն է ներկայացրել ՀՀ արդարադատության փոխնախարարը: 

ՀՀ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյան - Մեծարգո փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի` ապրիլի 2-ին կայացրած որոշումից հետո ստեղծված իրավիճակի բարդությունը, երբ տեղ են գտնում տարբեր իրարամերժ մոտեցումներ և մեկնաբանություններ՝ կապված Սահմանադրական դատարանի որոշման մեկնաբանման, օրենքի դրույթների կիրառելիության և ուժի մեջ մտնելու, ՍԴ-ի որոշման հետադարձ ուժի հետ, հարկ ենք համարում կառավարության միասնական իրավական դիրքորոշումը ներկայացնել այս հարցի առնչությամբ: Ցանկանում ենք շեշտել, որ ՍԴ-ի որոշումները մեկնաբանելիս, ընկալելիս և կիրառելիս անհրաժեշտ է բացառապես ղեկավարվել ՀՀ սահմանադրությամբ, Սահմանադրական դատարանի մասին օրենքով և այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներով: Մի քանի կարևոր հարցադրումները կամ խնդիրները, որոնց ցանկանում ենք անդրադառնալ, հետևյալն են. 

 

Առաջին, որ ՍԴ-ն սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել օրենքի 8 իրավադրույթներ, իսկ 7 դրույթներ ճանաչել է սահմանադրությանը համապատասխանող` որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման սահմաններում: Միևնույն ժամանակ, համաձայն որոշման եզրափակիչ մասի 7-րդ կետի՝ իրավական անվտանգությունը չխաթարելու նկատառումով հակասահմանադրական ճանաչված բոլոր իրավադրույթները ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի սեպտեմբերի 30-ը, ինչը նշանակում է, որ այդ դրույթները մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակավորապես պահպանում են իրավական ուժը, այսինքն` գործում են: Որոշմամբ սահմանված վերահաշվարկման պահանջը վերաբերում է մինչև սեպտեմբերի 30-ը կատարված և կատարվելիք կուտակային վճարներին: 

 

Երկրորդ, համաձայն Սահմանադրական դատարանի օրենքի 68-րդ հոդվածի՝ հնարավոր է միայն երեք դեպք, երբ ՍԴ-ն կարող է իր որոշմանը տալ հետադարձ ուժ: Դա քրեական օրենսգրքի, վարչական պատասխանատվության վերաբերյալ օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության հարցի դեպքում, կամ երբ ՍԴ-ն իր որոշմանը տալիս է հետադարձ ուժ: Տվյալ պարագայում ՍԴ-ն ոչ միայն նման քայլի չի դիմել, այսինքն՝ հետադարձ ուժ չի հաղորդել այս որոշմանը, այլև անվավեր ճանաչված նորմատիվ ակտի համապատասխան դրույթների ուժը կորցնելու ժամկետը հետաձգել է մինչև սեպտեմբերի 30-ը, ինչը սույն օրենքի նշված հոդվածի՝ այսինքն 68-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն նշանակում է, որ մինչև սեպտեմբերի 30-ը վիճարկվող դրույթները համարվում են Սահմանադրությանը համապատասխանող: 

 

Երրորդ կարևոր հանգամանքը, որ ցանկանում ենք շեշտել, ՍԴ-ի որոշումից միանշանակ հետևում է, որ մինչև սեպտեմբերի 30-ը ամբողջությամբ շարունակում է գործել օրենքի 5-րդ հոդվածը, ինչը նշանակում է, որ այդ ժամանակահատվածում պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը: Բացի այդ, համաձայն օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի՝ նրանք պարտավոր են կատարել համապատասխան ամսական կուտակային վճար: Այս պահանջը նույնպես գործում է մինչև սեպտեմբերի 30-ը:

 

Չորրորդ, մինչև սեպտեմբերի 30-ն ամբողջությամբ գործում է նաև օրենքի 76-րդ հոդվածը: Այսպիսով, այս հստակության հետ կապված, կարծում ենք, որ մտացածին և տեղին չեն շրջանառվող իրարամերժ մոտեցումները: Կարծում ենք, սա կողմնորոշիչ կլինի կառավարության համար՝ ՍԴ որոշման բովանդակության վերաբերյալ միասնական հստակ դիրքորոշում ունենալու: 

 

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյան - Ես առաջարկում եմ, պարոն Կիրակոսյան, ինչ որ ներկայացրեցիք, նաև գրավոր տրամադրվի բոլոր պետական մարմիններին , որպեսզի նաև ընկալումն ավելի ճշգրիտ լինի : Այսօր սահմանափակվենք հաղորդումն ընդունելով ի գիտություն: Այլ հարցեր կամ առաջարկություններ, կամ ինչ որ խնդիրներ կա՞ն: Խնդրեմ, Պարոն Ասատրյան:


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյան - Պարոն Գևորգյան, Վարչապետի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, և այն սկսել է գործել: Վարչապետի որոշմամբ ժամկետ սահմանվեց մինչև մայիսի 15-ը, որպեսզի աշխատանքային խումբը Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված բոլոր իրավական դիրքորոշումները, նորմերը, որոնք նշեց նաև պարոն Կիրակոսյանը, հնարավորինս սեղմ ժամկետում կարողանա օրենսդրական փաթեթով ներկայացնել կառավարությանը: Եվ նաև մենք երեկ հայտարարության արեցինք, որ հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին՝ մասնակցելու այդ աշխատանքներին, քանի որ ի վերջո համատեղ աշխատանքի արդյունքում պիտի լուծումներ գտնենք իրավական դաշտում, օրենքի շրջանակում: Եվ այդ առումով մեկ անգամ ևս առաջարկում ենք ուղղակի մասնակցել այդ աշխատանքին և զերծ մնալ տարբեր շահարկումներից: 

Նույն շարքից