Հայաստան 

Մեր երկքաղաքացիների համար աշխատաշուկան բացվում է . այլևս կարիք չի լինելու ստանալ աշխատանքի թույլտվություն. Գ. Եգանյան

analitik.am

Ապրիլի 8-ին Հայաստանի և Ռուսաստանի միգրացիոն ծառայությունների ղեկավարների միջև փաստաթուղթ էր ստորագրվել, որով կանոնոկարգվելու են ՌԴ-ում գտնվող հայ միգրանտների կեցության և աշխատնքային գործունեության հետ կապված խնդիրներ:


ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ փաստաթուղթ ստորագրվել է երկու հարցի վերաբերյալ արագ բանակցություններ սկսելու մասին: «Այդ հարցերից մեկը վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունում հաշվառման կանգնելու ժամկետների երկարաձգմանը:


Այսօր նախատեսված է 7 օր, անձը 7 օրվա ընթացքում  պետք է հասցնի հաշվառման կանգնել. ուշացնելու պարագայում նա համարվում է օրենսդրությունը խախտող: Համաձայնագրով այդ ժամկետը պետք է երկարաձգվի 30 օրով, այսինքն՝ անձը, քաղաքացին ավելի երկար ժամանակ կունենա՝ զբաղվելու իր այդ հարցերով; Մյուս հարցը, թերևս, ավելի կարևոր է. դա աշխատող միգրանտների իրավական կարգավիճակին է վերաբերվում: Դրանով սահմանվում է, որ կողմերի տարածքներում քաղաքացիները առանց աշխատանքի թույլատվության կարող են աշխատանքային գործունեություն ծավալել, այսինքն՝ աշխատաշուկան բացվում է մեր երկքաղաքացիների համար, այլևս կարիք չի լինելու ստանալ աշխատանքի թույլտվություն, պետական տուրք վճարել, տեղեկանքներ ներկայացնել, միայն աշխատանքային պայմանագրի կարիք է լինելու, և դա համարվում է հիմք, որ անձն օրինապես գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Երկրորդ համաձայնագիրը նախատեսված է նաև Մաքսային միության իրավապայմանագրային բազայով:


Բայց՝ նկատի ունենալով, որ Մաքսային միությանը միանալու պարագայում այդ նորմը ամենայն հավանականությամբ կգործի հաջորդ տարվա հունվարի 1-ից, հիմա խնդիրը դրվեց, որ հնարավորինս արագ երկկողմանի հիմքի վրա այդ նորմերը կիրառենք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մեջ»,- ասաց Գագիկ Եգանյանը: Նրա  խոսքով՝ նշված երկու հարցերի հետ կապված էլ հայկակակ կողմից ռուսական կողմին են փոխանցվել միջպետական համաձայնագրերի նախագիծը:


Գագիկ Եգանյանն ասաց, որ վերջերս Ռուսաստանի օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, համաձայն որոնց՝ օտարերկրյա քաղաքացիները ՌԴ-ում 180 օրվա ընթացքում կարող են գտնվել 90 օր, այժմ գործում է բոլոր օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում Հայաստանի քաղաքացիների համար. «Այս կապակցությամբ առաջարկ կա՝ կրկին ուղարկված ռուսական կողմին՝ 90 օրը մեծացնելու վերաբերյալ: Կա պայմանավորվածություն՝ երբ բանակցություններ կսկսվեն նշածս երկու համաձայնագրերի կնքման մասով, քանի որ նույն թիմերը պետք է լինեն բանակցող, նաև կբանակցի այդ հարցը՝ 90 օրը 150 օրի փոխարինելու հարցը: Ինչ արդյունքների կհանգեցնեն բանակցությունները, կտեսնենք»: 

Նույն շարքից