Բարի օր Տնտեսություն 

Ինչո՞ւ է իշխանությունը սպասարկում միայն խոշոր բիզնեսի շահերը. Անի Հովհաննիսյան

analitik.am

Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրում է.

«Իրավաբանական և հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպություններին ԱԱՀ-ով հարկելը բխում է բացառապես խոշոր կազմակերպությունների շահերից: Նախ՝ իրավաբանական և հաշվապահական ծառայությունների մատուցման դեպքում հիմնական ձեռքբերումն, այսպես ասած, աշխատավարձն է: Հետևաբար՝ չունենալով ԱԱՀ-ի դեբեդ, նրանք վճարելու են 20 տոկոս ամբողջական ԱԱՀ-ն՝ ի տարբերություն ԱԱՀ-ով ապրանքներ ձեռբերողների:

Ստացվում է, որ ծառայություններ մատուցողը 20 տոկոսի չափով պետք է հարկ վճարի, այնուհետև հանի ծախսերը, մի հատ էլ 20 տոկոսի չափով շահութահարկ վճարի: Սա նշանակում է, որ կազմակերպությունը պետք է թանկացնի իր կողմից մատուցվող ծառայությունների արժեքն առնվազն 20 տոկոսի չափով: Սա էլ իր հերթին ենթադրում է, որ ոլորտում գործող բոլոր փոքր և միջին կազմակերպություններն այլևս մրցունակ չեն լինի և ստիպված կլինեն փակվել: Ինչո՞ւ: Մինչ այս ԱԱՀ-ով աշխատում էին բոլոր այն կազմակերպությունները, ում տարեկան շրջանառությունը 58 միլիոն ՀՀ դրամը գերազանցում էր, իսկ փոքր և միջին կազմակերպություններն աշխատում էին շրջանառության հարկով՝ վճարելով ընդամենը 5 տոկոս հարկ շրջանառությունից:

Հենց սրա հաշվին էին ՓՄՁ-ները կարողանում մրցունակ լինել, քանի որ առաջարկում էին ավելի ցածր գին նույն ծառայության համար, քան խոշոր կազմակերպությունները: Այս դեպքում արդեն, եթե գնային առաջարկը նույնը լինի, ապա ՓՄՁ-ներն ուղղակի կփակվեն: Փաստացի այս որոշումը բխում է բացառապես խոշոր բիզնեսներ ունեցողների շահերից և անհասկանալի է, թե ինչու է նման որոշում կայացնում այն իշխանությունը, որն իրեն հռչակում է ժողովրդական:

Իրավաբանական և հաշվապահական ընկերությունների ԱԱՀ-ով աշխատելու հետ կապված որոշման սա դեռևս ընդամենը մեկ, բայց կարևոր բացասական կողմն է»:

Նույն շարքից