Հայաստան 

Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է ուժեղացնել պայքարը քայքայիչ աղանդների դեմ

analitik.am

ԵԽԽՎ-ն երեկ ուշ երեկոյան քննարկել է քայքայիչ աղանդների և դրանց դեմ պայքարի նախագիծը։ Քննարկման ժամանակ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է քայքայիչ աղանդների և դրանց կործանարար հետևանքների մասին, հատկապես ՝ անչափահասների շրջանում։

Հայ պատգամավորն առաջարկել է, որպեսզի ԵԽԽՎ-ն հանձնարարի ազգային խորհրդարաններին՝ խստացնել օրենսդրությունը անչափահասներին քայքայիչ աղանդների մեջ ներքաշելու հետ կապված՝ նշելով, որ պետք է գտնել ճիշտ հավասարակշռությունը մարդու հիմնարար իրավունքների և կրոնի ազատության դեպքում։

Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Հարգելի գործընկերներ, քանի՞ ընտանիք պիտի կործանվեր, քանի՞ անչափահաս պիտի կործանվեր, որպեսզի մեր Վեհաժողովը, վերջապես, անդրադառնար քայքայիչ աղանդներին և նրանց կործանարար հետևանքներին։ Ես ողջունում եմ մեր գործընկերոջ՝ Ռուդի Սալեսի ներկայացրած զեկույցը, և լինեմ անկեղծ՝ այն համարում եմ շատ ուշացած»։

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ երկու տարի առաջ, ինքը որպես ՀՀ պատգամավոր, իր մի քանի գործընկերների հետ ՀՀ ԱԺ–ում նման նախագիծ է ներկայացրել, որը տալիս էր «հոգեորսության» սահմանումը և որը հնարավորություն կտար օրենքի ուժով ՀՀ քաղաքացիներին, անչափահասներին պաշտպանել վտանգավոր աղանդներից։

«Այն ժամանակ, սակայն, մեր հարգարժան Վենետիկի հանձնաժողովը անասելի աղմուկ բարձրացրեց մեր նախագծի շուրջ՝ այն համարելով խղճի ազատության ոտնահարում։ Այսօր մեր գործընկերը շատ ավելի խիստ շեշտադրումներով և աղանդների դեմ պայքարի շատ ավելի խիստ պահանջներով նախագիծ է ներկայացրել և դա միանգամայն ողջունելի է»,– ասել է նա։

Պատգամավորը նշել է, որ եթե խոսվում է մարդու իրավունքներից ու պայքար չի տարվում այն աղանդների դեմ, որոնք մարդուն դարձնում են շատ դեպքերում ստրուկ, ոտնահարելով նրա ցանկացած իրավունք, ապա ԵԽԽՎ–ում ուղղակի զբաղվում են երեսպաշտությամբ։

«Մենք ուղղակի պարտավոր ենք կասեցնել վտանգավոր, ավերիչ աղանդների շքերթը մեր երկրներում, որոնք շատ դեպքերում օգտվելով մարդկանց սոցիալական ծայրահեղ վիճակից՝ ընտանիքներին, անչափահասներին, տանում են դեպի երաշխավորված կործանում։ Միանգամայն համաձայն եմ զեկուցողի հետ, որ պետք է ուժեղացնել քրեական օրենսդրության այն դրույթները, որոնք պատիժ են նախատեսում մարդկանց և առաջին հերթին անչափահասներին տարբեր ֆիզիկական և հոգեբանական ազդեցությունների միջոցով՝ այս կամ այն աղանդից կախյալ դարձնելը»,– ասել է նա։

«Նույնը, ի դեպ, շատ ավելի մեղմ շեշտադրումներով, առաջարկում էինք ես և իմ գործընկերները, սակայն Եվրոպայի խորհրդից այն ժամանակ եկած «դատավճիռը» կասկածելիորեն լիբերալ էր քայքայիչ աղանդների դեմ։ Ես հույս ունեմ, որ այսօր իրավիճակ է փոխվել, տեսնելով, թե ինչ ավերածություններ են անում նմանօրինակ աղանդները։ Երբ քաղաքացու, անչափահասի շահերը վտանգված են, անհրաժեշտ է գտնել ճիշտ հավասարակշռություն մարդու հիմնարար արժեքների և կրոնի ազատության միջև։ Ես կոչ եմ անում կողմ քվեարկել այս շատ կարևոր զեկույցին և կոչ անել ազգային խորհրդարաններին՝ անհապաղ ձեռնամուխ լինել քայքայիչ աղանդների դեմ պայքարի լրջագույն օրենսդրության մշակմանը»,– ավելացրել է նա։

Նույն շարքից