Հայաստանում տեղի ունեցածը չի կարող համեմատվել նրա հետ, ինչ հիմա տեղի է ունենում Վենեսուեալայում, քանի որ մեզ մոտ բախումներ, զոհեր չեղան, իսկ Վենեսուելայում, ցավոք, արդեն զոհեր կան: Մոսկվայում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր Հայաստանում տեղի ունեցածի և հարավամերիկյան պետությունում տեղի ունեցող իրադարձությունների համեմատությանը:
Փաշինյանի խոսքերով, բացի դրանից, Հայաստանում տեղի ունեցածը 100 տոկոսով համապատասխանել է երկրի սահմանադրությանը և օրենքներին, իսկ այն, ինչ տեղի է ունենում Վենեսուեյայում, առաջին հայացքից հասկանալի չէ, թե ինչ կապ ունի այդ երկրի սահմանադրության հետ. «Ես չեմ կարող դա ասել, սակայն առաջին տպավորությունն այն է, որ այնտեղ ամեն ինչ չէ, որ Սահմանադրության տրամաբանությամբ է կատարվում»:
ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ այս պահին Հայաստանը դեռ հայտարարություն չի արել. «Մենք շարունակում ենք հետևել զարգացումներին, պետք է հասկանալ, թե ինչ կապ ունեն այդ իրադարձությունները Սահմանադրության հետ: Սակայն ցանկացած որոշում այնտեղ առաջին հերթին պետք է համապատասխանի այդ երկրի ժողովրդի ցանկությանը»: