Հայաստան 

Սերժ Սարգսյանի հայտարարությունը ապացուցեց, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է. Մկրտիչ Մինասյան

analitik.am

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝այլևս նախագահի կամ վարչապետի պաշտոնում չառաջադրվելու հետ կապված, ըստ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի, ապացուցեց, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է:

«Հայտարարությունն ուղղված էր բոլորին՝ քաղաքական ուժերին, ՀՀ նախորդ նախագահներին, հասարակությանը: Սրանով ևս մեկ անգամ հաստատվեց, որ Հայաստանը արևելյան խանություն չէ, Ադրբեջան չէ, ինչպես հաճախ հայտարարում են ընդդիմադիրները»,-ասաց նա այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

ԱԺ առաջին գումարման պատգամավոր Ազատ Արշակյանը ևս ողջունեց նախագահի հայտարարությունը և ընդգծեց, որ քաղաքականությունը ներկայացում է, որը հայտարարությունից հետո ավելի հետաքրքրացավ:

«Սերժ Սարգսյանը կարծես ասաց, որ նոր բան է առաջարկում, եթե չստացվի, հին տաշտակը կա ու կա: Ինչևէ, գաղջ մթնոլորտը կարծես փոխվում է: Սրանով նոր իրավիճակ է մտնում երկրում, որը դրական հետևանքներ կարող է ունենալ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ երեկ այդպես էլ չհայտարարվեց ՀՀ նոր վարչապետի անունը, Ազատ Արշակյանն ընդգծեց, որ էական չէ նրա անունը, այլ էական է, որ նշանակվի մի մարդ, որը կրի պատասխանատվություն:

«Ես կուզենամ, որ նոր վարչապետը լինի իշխանության ներկայացուցիչ, որ կրի ամբողջ պատասխանատվությունը: Ոչ թե գա, ոչինչ չանի, իշխանությունն էլ ասի, բերել էինք, որ գոլ խփի, բայց չխփեց»,-ասաց նա:

Մկրտիչ Մինասյանն էլ իր հերթին ընդգծեց, որ նոր վարչապետը պետք է ունենա պետականության բարձր զգացողություն և պետական շահը վեր դասի ամեն ինչից:

Նույն շարքից