Հայաստան 

ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը էական նշանակություն ունի. Արտակ Զաքարյանը նամակով դիմել է ԱՄՆ իր գործընկերոջը

analitik.am

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նամակով դիմել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենեդեսին՝ երախտագիտություն հայտնելով հանձնաժողովը կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունելու համար։

Նամակում ասվում է. «Հարգելի սենատոր Մենենդես

Հայաստանում մենք ոգևորությամբ իմացանք, որ ապրիլի 10-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որը կոչ է անում Սենատին հիշատակել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և քաջարելում է Միացյալ նահանգների Նախագահին երաշխավորել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը արտահայտում է և ընդունում է այս սարսափելի հանցագործության դասերը:

Մենք երախտագիտություն ենք հայտնում Ձեզ՝ Հայաստանի վաղեմի բարեկամին, այս ջանքերը առաջնորդելու համար և ցանկանում ենք արտահայտել մեր երախտիքը բոլոր սենատորներին, ովքեր քվեարկել են այս կարևոր բանաձևի օգտին: 
Մենք նաև ոգեշնչված ենք Ձեր պարզ, բայց միանշանակ և հստակ հայտարարությամբ. «Ցեղասպանությունը ցեղասպանություն է, և դուք չեք կարող այն կոչել այլ կերպ, դուք կարիք ունեք ճանաչելու այն»: Միացյալ նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը էական նշանակություն ունի. այն անկասկած կլինի նոր խթան Ցեղասպանության ճանաչման ողջ գործընթացի համար, որի ժամանակը վաղուց հասել է:

Քանի որ մենք արագորեն մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, այս ոճրագործության՝ ըստ հարմարավետության բնորոշումը չի կարող այլևս ընդունելի լինել ամերիկյան ժողովրդի համար, ով ունի խորը արմատավորված վստահություն ժողովրդավարության, մարդու իրավունքների, մարդասիրության և պատմական արդարության համընդհանուր արժեքների նկատմամբ: Մենք մնում ենք հույսով, որ Ձեր առաջնորդության ներքո Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, որը լավ փաստագրված է ամերիկյան արխիվներում, կհասնի իր տրամաբանական ավարտին՝ խափանելով ապարդյուն ջանքերը՝ ուղղված այս սարսափելի հանցագործությունը մոռացության մատնելուն և կանխարգելելով հակամարդկային նոր նմանատիպ գործողությունները: 

Ընդունեք խնդրեմ, սենատոր, հարգանքներիս հավաստիքը:

Հարգանքով՝ 

Արտակ Զաքարյան

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ»։

Նույն շարքից