Բարի օր Հասարակություն 

Ուզո՞ւմ եք պայքարել ապատեղեկատվության դեմ, Սորոսի հիմնադրամի գործունեությունն ուսումնասիրեք. Անի Հովհաննիսյան

analitik.am

Analitik.am-ի  հիմնադիր Անի Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրում է.

Վերջին շրջանում իշխանական օղակներում ակտիվացել են քննարկումներն այն մասին, որ պետք է ապատեղեկատվության դեմ պայքարել:

Նախ՝ ոչ մի զարգացած երկրում ոչ մի ադեկվատ իշխանություն որևէ կոշտ քայլ չի ձեռնարկում, այսպես ասած, ապատեղեկատվության դեմ պայքարի համար, ինչի արդյունքում կարող է հանկարծ վնասվել ազատ խոսքը կամ ազատ մամուլը:

Հանրությունն ինքն է ընտրում այն ԶԼՄ-ներին, բլոգգերներին, ինֆորմացիայի աղբյուրներին, ում վստահում է և հետևում նրանց: Տարբեր կարծիքների՝ ճիշտ, մասամբ ճիշտ, ենթադրություն և այլն, այս ամենի համադրման հիման վրա էլ ստեղծվում է դեպքերի իրական պատկերը, այլ ոչ թե Օրուելի 1984-ի մոտիվներով Մեծ Եղբայր է կարգվում ինչ-որ մեկը, ում յուրաքանչյուր արտասանած բառ համարվում է դոգմա:

Հետևապես՝ միայն դիկտատորական կառավարման համակարգ ունեցող երկրներում է, երբ մարդկանց ուղղորդում են, թե ինչ կարդալ, ինչ չկարդալ, ժողովրդավարական երկրներում որևէ մեկն իրավունք չունի այս կամ այն ԶԼՄ-ին պիտակավորել, չկարդալու կոչեր հնչեցնել, սա ուղղակի կդիտարկվի՝ որպես ազատ խոսքի նկատմամբ ճնշում և տվյալ անձը կենթարկվի խիստ պատասխանատվության:

Սակայն, Հայաստանում լրագրողների իրավունքներն իրականում ոտնահարած մարդիկ երբեք չեն պատժվել, հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Թվում է, թե տարիներ շարունակ Հայաստանում գործում էին բազմաթիվ կազմակերպություններ, որոնց առաքելությունը հենց ԶԼՄ-ներին և լրագրողներին պաշտպանելն էր, բայց տարօրինակ զուգատիպությամբ այդ բոլոր կազմակերպությունները և նրանց կողմից պաշտպանվող բոլոր ԶԼՄ-ներն ու լրագրողները ֆինասնավորվում էին նույն տեղից ՝ Սորոսի հիմնադրամից: Արդյունքում ստացվում էր վիճակ, երբ փաստացի զոհի, ոտնահարված իրավունքներով լրագրողի կերպարում հայտնվում էին միայն այս նույն հիմնադրամից ֆինանսավորվողները, իսկ իրապես անաչառ և ազատ ԶԼՄ-ն ու լրագրողն այդպես էլ մնում էր անպաշտպան:

Անաչառ և օբյեկտիվ լրագրողի կերպար կերտում էին միայն Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող անձերը, ինչում նրանց օգնում էին էլի Սորոսից ֆինանսավորվող կազմակերպությունները:

Սորոսյան ԶԼՄ-ների ու լրագրողների այս ցանցն այնքան աճեց այս տարիների ընթացքում, որ այժմ կարելի է ասել հավասարեցվում է պետական ԶԼՄ-ի աստիճանին: Այս պայմաններում տեսնում ենք, որ պարբերաբար սոցցանցերում կոչ են անում չկարդալ, չհետևել կոնկրետ ԶԼՄ-ների:

Այս ՛՛Չի կարելի՛՛ ԶԼՄ-ների ցուցակում, նույնպես տարօրինակ զուգատիպությամբ, չենք հանդիպի ոչ մի անգամ մի ԶԼՄ-ի, որը Սորոսի հիմնադրամից է ֆինանսավորվում կամ ֆինանսավորվել: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ...

Ինչո՞ւ է Սորոսն իր առջև նպատակ դրել վերացնել Հայաստանում այն ամենն, ինչն իր վերահսկողության տիրույթում չէ:

Եթե ուսումնասիրություն սկսենք, գուցե փաստվի, որ ապատեղեկատվության հիմնական մասը սոցցանցեր է նետվում և տարածվում հենց Սորոսից ֆինանսավորվող ԶԼՄ-ների կողմից, սակայն իբր ապատեղեկատվությամբ մտահոգվածներից ոչ ոք այդ մասին չի խոսում:

Հետևաբար, եթե իշխանությունն իրոք ցանկանում է ապատեղեկատվության դեմ պայքարել, ապա կարծում եմ՝ պետք է առաջինը Սորոսի հիմնադրամի գործունեությունը, նպատակների, տարածած տեղեկատվության իրականությանը համապատասխան լինելն ուսումնասիրի, ինչից հետո գուցե պարզվի, որ Հայաստանում համար մեկ՝ այն էլ պետական մակարդակով ապատեղեկատվություն տարածողը հենց Սորոսի հիմնադրամն է ՝ իր ԶԼՄ-ների, լրագրողների, ՀԿ-ների բավականին խոշոր ցանցով հանդերձ:

Սակայն, ամենակարևոր հարցն այս ամենում այն է, թե ի՞նչ նպատակների իրագործման համար է Սորոսի հիմնադրամը ստեղծել այս ցանցը, ինչից հետո էլ արդեն շատ պարզ կդառնա, թե ինչո՞ւ են նրանց խանգարում ոչ վերահսկելի ԶԼՄ-ները, որոնց դեմ մշտական պայքար է մղվում:

Նույն շարքից