Հունվարի 25-ին 5-րդ ալիքով հեռարձակվող «Դեմ դիմաց» հաղորդաշարի հյուրերն էին 6-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը և 7-րդ գումարման Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Այս բանավեճի ժամանակ Թագուհի Թովմասյանի, ինչպես նախորդ օրը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի խոսքերը, դարձել է բուռն քննարկման, ծաղրուծանակի առարկա սոցցանցերում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է իշխանական ուժի պատգամավորների հնչեցրած արտահայտություններին:
Թագուհի Ղազարյանի «Խաղաղությունը դա մի բան է, որի այլընտրանքը պատերազմն է» արտահայտությունը, կարելի է ասել, սոցցանցերում արդեն «թևավոր» է դարձել:
Ինչ վերաբերում է բանավեճին, ապա մանրամասն չպատմելով բանավեճի մասին՝ առանձնացնենք իշխանական խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի երկու հայտարարություն: Նյութի վերջում կներկայացնենք նաև տեսանյութը, որպեսզի ընթերցողների մոտ հարցեր չառաջանան, իսկ ոմանք էլ առիթ չունենան հայտարարելու, թե պատգամավորի խոսքը կոնտեքստից կտրված է ներկայացվել:
Առաջին հատվածը վերաբերում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին: Շատերը կհիշեն, թե ինչպես Միքայելյանն ԱԺ ընտրություններին նախորդած քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում 2018 թվականի գարնանը տեղի ունեցածն ավելի կարևոր է, քան Արցախյան ազատամարտը: Հետո պարզաբանում եղավ, ասվեց, որ խոսքի սխալ ձևակերպում է եղել:
Հունվարի 25-ին տեղի ունեցած վերոնշյալ բանավեճում (նայեք 35-րդ րոպեից), երբ Մարգարիտ Եսայանը հիշեցրեց Միքայելյանի խոսքերը, Թովմասյանը հերքեց սխալ ձևակերպման թեզը՝ բառացիորեն ասելով. «Դուք պետք է շեշտեք, թե ով ասաց: Մարդ, որի մարմնում կա 70 բեկոր՝ արցախյան պատերազմի ժամանակ վիրավորված: Եթե նա արժևորում է այդ հեղափոխությունը, ուրեմն եկեք հարգենք իր կարծիքը»: Արժևորում է ավելի, քան Արցախի պատերազմը՝ հարցնում է Եսայանը: Այո, ուրեմն հարգեք իր կարծիքը, որովհետև ինքն իրավունք ունի խոսել Արցախից, ես ու Դուք չունենք՝ ասաց Թագուհի Թովմասյանը:
Ստացվում է, որ պատգամավորը հաստատում է Միքայելյանի կողմից ասված առաջին խոսքերը՝փաստելով, որ ոչ մի սխալ ձևակերպում էլ չի եղել, և Միքայելյանն ասել է այն, ինչ մտածում է:
Երկրորդ հատվածն արդեն վերաբերում էր Նիկոլ Փաշինյանին և Արցախյան հարցին: Բանավեճի ընթացքում Թագուհի Թովմասյանը ոչ մեկ անգամ ասաց, որ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև պաշտոնական բանակցություններ տեղի չեն ունեցել, ուղղակի եղել են ոչ պաշտոնական հանդիպումներ: Թովմասյանը կարծում է, որ Փաշինյանը, եթե ասելիք ունենա հանդիպումների բովանդակության մասին, կփոխանցի: Պատգամավորը նաև ենթադրեց, որ հանդիպումների ժամանակ հնարավոր է խոսվում է այն մասին, թե ինչպես կարելի է անել, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան. «Հնարավոր է, որ Ալիևը Նիկոլի հետ քննարկում էր՝ ինչպես հեղափոխական նրբերանգներն իր մոտ չեզոքացնի, որպեսզի իր մոտ հեղափոխություն չլինի: Գուցե փորձի փոխանակում է»,- փորձեց սրամտել Թագուհի Թովմասյանը:
Սակայն, այս արտահայտությունները դեռ մի կողմ թողնենք, նա ասաց մի բան, որը հատուկ ուշադրության է արժանի: Երբ Մարգարիտ Եսայանը խոսեց Նիկոլ Փաշինյանի կողմից Վիեննան և Սանկտ Պետերբուրգը «ջրելու» մասին, իշխանական խմբակցության պատգամավորը բառացիորեն հայտարարեց. «Ճիշտ արեց, որովհետև դուք բանակցել եք զիջումների մասին: Այդ մարդը չի ուզում զիջի»:
Այստեղ թերևս պետք է հիշեցնել իշխանությունների և, մասնավորապես, ԱԳ նախկին փոխնախարար Ռուբեն Ռուբինյանի խոսքերը, որ Վիեննան ու Պետերբուրգը չեն «ջրվել»: Դրանք «ջրելու» մասին չի խոսել նաև վարչապետ Փաշինյանը:
«Իմ Քայլը» դաշինքի պատգամավորները որդեգրել են նաև նախկինում ԲՀԿ-ի կողմից լայն կիրառվող արտահայտությունը, թե դա իրենց սեփական կարծիքն է, ունեն սեփական կարծիք այս կամ այն հարցի մասին, հետևաբար Թովմասյանը նույնպես կիրառեց սա՝ հայտարարելով, թե ինքն Արցախի հարցում ունի իր տեսակետը, որը փոփոխության ենթակա չէ՝ ոչ մի թիզ հող: Ժամանակն, իհարկե, ցույց կտա, թե քանի կոպեկի արժեք ունեն «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորների սեփական կարծիքները, բայց մի բան փաստ է, որ յուրաքանչյուր հարցազրույցից հետո նրանք բացահայտում են «Իմ Քայլ»-ի խութերը, որոնք մի կերպ փորձ է արվում «ծածկադմփոց» անել:
Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա երևի թե ճիշտ կլիներ, որ այս լրջագույն թեմայով «Իմ Քայլ»-ի պատգամավորները որևէ բան ասեին գոնե թեմայից նվազագույն տեղեկանալուց հետո: Ի վերջո, դեռ 5 տարի ժամանակ ունեն, կհասցնեն խոսել: