Իրավական գլխավոր 

Մհեր Եղիազարյանի պաշտպանը մանրամասներ է հայտնում Մհերի մահվան հետ կապված

Հունվարի 26-ին՝ ժամը 06։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մհեր Եղիազարյանի (ծնված 1968թ․, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ և 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ և 3-րդ մասերով), ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել է շտապօգնություն, որի  կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։

Analitik.am-ը զրուցեց Մհեր Եղիազարյանի պաշտպան Վահե Արմենակյանի հետ, ով մեզ հայտնեց, որ հացադուլը սկսելու պահից իրենք հրապարակումներ են կատարել Մհեր Եղիազարյանի կողմից համակարգվող Haynews.am կայքում: Արմենակյանը նշեց, որ Մհերի հետ կապված տեղեկություններն անուշադրության էին մատնվում գուցե նրա համար,  որ վերջինս հայտնի մարդ չէր, գործն էլ հայտնի գործ չէր. «Գործը կապված էր  խարդախության և կաշառքի միջնորդության հետ, Մհերը համարում էր, որ դա քրեական գործ չի, քաղաքացիաիրավական հարթության մեջ պետք է քննվի»:

Մեր այն հարցին, թե ինչու ԶԼՄ-ներին տեղյակ չէին պահում Մհերի վիճակի մասին, Արմենակյանն ասաց, որ Մհերի համակարգության տակ գտնվող Haynews.am կայքում էին տեղադրում հաղորդագրությունները:

Արմենակյանը նաև հայտնեց, որ Մհեր Եղիազարյանը հացադուլը սկսել է 2018-ի դեկտեմբերի 5-ից և դադարեցրել 2019-ի  հունվարի 19-ին, բայց հետևանքերը մահացու են եղել:  Նա նաև նշեց, որ Մհերին այցելել է Մարդու իրավունքների պաշտպանը . «ՄԻՊ-ն այցելել է Մհերին, ես չգիտեմ, թե ինչ լծակներ ունի ՄԻՊ-ը, որ կարողանար կանխել այս ամենը: Ավելի շատ դատական համակարգի հետ էր  խնդիրը, դատարանը պետք է հաշվի առներ այն հանգամանքը, որ մեղադրանքն այնպիսին էր, որ նման մեղադրանքով մարդկանց 80 տոկոսն ազատության մեջ են գտնվում նախաքննական փուլում: 20000 դոլարի պատմություն է: Մհեր Եղիազարյանի դեպքում ոչ մի փաստարկ, ոչ մի փաստ դատական մարմիններին չկագնեցրեցին, որ գոնե կալանքի փոխարեն գրավով տուն թողնեն, 2 պատգամավորի երաշխավորություն, բազմաթիվ կազմակերպությունների երաշխավորություն ունեինք, որ երաշխավորում են Մհերի պատշաճ վարքագիծը,   մինչև 5 միլիոն ՀՀ  դրամ գրավ էինք առաջարկում, սակայն ոչ մի բան հաշվի չառնվեց: Ըստ մեղադրանքի, որպես տուժող  4 անձի անուն էր շրջանառվում, որոնցից երկուսը բողոք չունեին Մհեր Եղիազարյանի նկատմամբ,  իրենց գումարները վերադարձվել էին: Սա սովորական մի գործ էր, որի նման բազմաթիվ գործեր կան, սակայն մեղադրյալներն ազատության մեջ են»:

Մեր այն հարցին, թե ինչու էին այդ դեպքում նախաքննական մարմինն ու դատարանը Մհեր Եղիազարյանին կալանքի տակ պահում, Արմենակյանն ասաց, որ դա հենց իրենցից պետք է ճշտենք:

Ինչ վերաբերում է հացադուլի ընթացքում Մհեր Եղիազարյանին ցույց տված վերաբերմունքին, ապա պաշտպանը նշեց, որ Քրեակատարողական ծառայությունը շատ նորմալ է վերաբերվել, երբ պետք է եղել շտապ օգնություն են կանչել, սակայն բժիշկների վերաբերմունքն էր անհասկանալի. «Հացադուլի 34-րդ օրը տեղափոխեցինք Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տվեցին եզրակացություն, որ  Մհերի առողջական վիճակը բավարար է, կարող է կալանք կրել, բժիշկների հսկողության տակ գտնվելու կարիք չունի»:

 

Նույն շարքից