Հայաստան 

Տիգրան Կարապետյանը պատրաստվում է հանրահավաքներ անցկացնել

analitik.am

«Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ՀՀ կառավարությունում կադրային փոփոխություններից որևէ լավ բան ժողովրդի համար չի ակնկալում:

 

«Երկրի Նախագահը կառավարությունը տվել է ու ասում է` արեք ինչ ուզում եք, ինքը մտածում է իր երեք տարվա մասին, որ անփորձանք կառավարի, գնա: Որևէ լավ բան այս փոփոխությունից ժողովրդի համար չեմ ակնկալում, որովհետև այս փոփոխությունը ժողովուրդը չի արել»,-այսօր լրագրողներին ասաց նա և հայտարարեց, որ իրենք մտածում են հանրահավաքներ անցկացնելու ուղղությամբ:

Վերջինիս խոսքով՝ ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եղել է փոխվարչապետ, եղել է ընտրական շտաբի ղեկավար ու միշտ կեղծել է ընտրությունները: Եվ նման կիսամիջոցներով չես գա ճշմարտությանը, չես գա անկախ Հայաստանին, չես ունենա այն կյանքը, որը գերնպատակն է: «Ես լավ եմ վերաբերում պաշտպանության նախարարին, համարում եմ, որ նա արդար մարդ է: Ինչ վերաբերում է արտգործնախարար Նալբանդյանին, նա նախագահի մարդն է և անում է այն, ինչ իրեն թելադրում են: Ես չեմ համարում, որ լավ արտգործնախարար ունեն, որ նորից վերանշանակել են: Դավիթ Հարությունյանն էլ այլընտրանք է, նա Ռոբերտ Քոչարյանի մարդն է»,-ասաց նա՝ շեշտելով, որ գլուխը պետք է փոխվի, հագուստը փոխում են, իսկ դրանից ի՞նչ կարող է փոխվել, եթե էությունը նույն է:

Ինչը վերաբերում է երկրում ձևավորված ընդդիմությանը, ապա Տիգրան Կարապետյանը համարում է, որ ժողովուրդն այսօր պետք է միավորվի, ու ոչ թե քառյակ, եռյակ լինի, այլ ազգային ճակատ. «Հայը մենակ չի կարողանում, որովհետև ընդդիմությունն էլ է իշխանության կողմից: Քսան տարի է մեր քաղաքական ուժերը պայմանավորվում են իրար հետ: Մեկը հզորանում է, մեկը թուլանում: Շանս են տալիս մեկը մյուսին: Իսկ երկրից բողոքական մասսան գնում է, ո՞վ է մնում` հարմարվողները, դրա համար մենք չենք կարողանում առաջընթաց ունենալ»:

Նրա խոսքով՝ հիմա «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն էլ է ասում, որ ընդդիմություն է, բայց բոլորը գիտեն, թե Արթուր Բաղդասարյանն ինչ արժեք ունի, Կարապետյանի խոսքով՝ զրոյական:

Անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ շարժմանը՝ Տիգրան Կարապետյանը նշեց, որ ողջունում է այդ շարժումը, բայց ասում է, որ դա միջոց չէ, դա կփոխի ընդամենը մի հարց և կստացվի մի քայլ առաջ, երկու քայլ հետ. «Հիմա կարծում եք, որ ասում են դեմ ենք, ինչ-որ բան կփոխվի՞: Իշխանավորներին ձեռ է տալիս, որ ինչ-որ բանի դեմ լինեն»:

Ըստ նրա, եթե իրենց կուսակցությունը բարձրացնի ինչ-որ խնդիր, իշխանությունը կուրախանա, որովհետև մանրացնում են խնդիրները: Սակայն երկրում խնդիրն այլ է: Իսկ կուտակայի դեմ պայքարը շեղում է հասարակությանը:

Կարապետյանի համոզմամբ՝ պայքարը պետք է լինի ըմբոստ ու միանգամից, պետք է բռնկվի: Իսկ ինչ վերաբերում է ԺԿ-ին՝ կուսակցության նախագահը հայտարարեց, որ իրենք ժողովրդական ընդդիմություն են։ «Արդար ուժը մեր կուսակցությունն է : Մյուսները միավորվում են, բլոկներ են կազմում, իրենց համար ճանապարհներ են հարթում: Մենք չենք պայմանավորվում, ոչ էլ Հյուսիսային պողոտայում տուն ենք ստացել: Մեր կուսակցությունը դեռ ուզում է տեսնել, թե ինչպես է ժողովուրդը արձագանքելու: Բայց նրանք ակնկալում են բարիքներ` ումից, կարմիր կովը իր կաշին չի փոխում»,-ասաց նա։ 

Նույն շարքից