Հայաստան 

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց

analitik.am

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Այս մասին նա հայտարարեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսին։

ԱԱԽ այլևս նախկին քարտուղարն իր ելույթում նշեց, որ ինչպես 2008-ին «ՕԵԿ»-ը մտավ կոալիցիա ժողովրդի համար, այնպես էլ հիմա դուրս են գալիս ժողովրդի համար: Արթուր Բաղդասարյանը հավելեց, որ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ ընկերներ են, բայց իրենք գնում են իրենց ճանապարհով, նրանք` իրենց:

«Մենք ուզում ենք ազատություն, մարդը դրա կարիքը զգում է այն ժամանակ, երբ զգում է դրա պակասը, մենք գնում ենք մեր օրակարգով»,-ասաց նա:

Նա հայտարարեց, որ այսօր Ազգային անվտանգության խորհուրդը կայացած ինստիտուտ է, իսկ ԱԺ ՕԵԿ խմբակցությունը արդյունավետ քաղաքական ուժ, որը շուրջ 200 մայր օրենքներ է հեղինակել:

Հիշեցնենք, որ ս. թ. ապրիլի 16-ին տեղի էր ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որտեղ որոշում էր կայացվել, որ ՕԵԿ-ը դուրս է գալիս իշխող կոալիցիայից և կոալիցիոն կառավարության մաս չի կազմելու: 

Ավելի ուշ ՕԵԿ քվոտայով նախարարները՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, քաղաքաշինության արդեն նախկին նախարար Սամվել Թադևոսյանը և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը դադարեցրին իրենց անդամակցությունը «Օրինաց երկրին»:


 

Այդուհանդերձ, Արթուր Բաղդասարյանը իր աշխատավայրը կլքի հաջոդ շաբաթ: «Ես հաջորդ շաբաթվա մեջ կունենամ մի քանի հանդիպում, շնորհակալություն կհայտնեմ իմ գործընկերներին, այն մարդկանց, ում հետ ես աշխատել եմ, հրավիրելու եմ այստեղ նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Հեռանալիս, գիտ՞եք ինչ կա, երախտիքի խոսք է պետք, ցիվիլ ձևով նրանց կհանձնեմ իմ հրաժարականի դիմումը, դրանից հետո մի քիչ կվայելեմ իմ ազատությունը»,- ասաց նա։

 

Արթուր Բաղդասարյանը նշեց, որ այս տարիների ընթացքում իրեն ինչ դղյակներ ասես վերագրել են: «Ես հիմա իմ վեց հոգանոց ընտանիքով տեղափոխվելու եմ երեք սենյականոց բնակարան, արդեն հաջորդ շաբաթ: Հիմա ներկում են պատերը, վեց տարի չենք ապրել այդտեղ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ պատրաստվում է փոքրիկ տուն կառուցել իր համար:

 

 
Արթուր Բաղդասարայանը հայտարարեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն իրեն առաջարկել է մնալ ԱԱԽ պաշտոնում, եթե անգամ ՕԵԿ-ը դուրս է գալիս կոալիցիայից, սակայն ինքը չի համաձայնել:


Նույն շարքից