Երեկ տղայիս ծնունդն էր: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով բանակում ծառայող որդու մասին և հավելելով, որ նա արձակուրդ է եկել ու ետ գնացել:
Տոնոյանը նշել է, որ իր որդուն լսում է որպես ծնող. «Երեկ օրինակ շնորհավորելու ժամանակ ասացի՝ պարոն կրտսեր սերժանտ շնորհավորում եմ Ձեզ, իսկ նա պատասխանեց՝ շնորհակալ եմ, պարոն նախարար: Այդպիսի հարաբերություններ են իմ ու նրա մեջ: Իհարկե որոշակի տեղեկատվություն նրանից ստանալիս փորձում եմ արձագանքել՝ դա անելով որպես ծնող, ոչ թե որպես նախարար»:
Նախարար Տոնոյանը լավ տրամադրություն մաղթեց զինվորներին՝ կոչ անելով զգոնությունը չկորցնել և հավելելով, որ անսասան կերպով Հայաստանը շարժվելու է առաջ:
Տոնոյանը խոսեց նաև նախարարություններում պարգևավճարների մասին՝ հայտարարելով, որ 2018-ին բավականին մեծ գումար է տրամադրվել պարգևավճարների համար, որոնք գոյացել են խնայողություններից. «Առաջին հերթին պարգևավճարներ են տրամադրվել մարտական հերթապահության մեջ գտնվող անձնակազմին: Ընդ որում, եթե չեմ սխալվում՝ երկու անգամ»:
Ինչ վերաբերում է բանակի մասով քրեական գործերին, մասնավորապես նրան՝ արդյո՞ք դրանք հարված են հասցնում ԶՈւ-ին, Տոնոյանը նշեց, որ դա զինված ուժերի տրամադրության վրա ազդում է, սակայն դա հաղթահարվում է: