Բոլոր այն հանգամանքները, որոնք վերաբերում են խաղաղությանը նպաստող միջավայրին, շատ կարևոր էլեմենտներ են: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Խոսելով այն մասին, թե ինչ պայմաններով է քննարկվում խաղաղությունը, Մնացականյանը նշել է, որ Հայաստանը որևէ կերպ չի շեղվել այն բաներից, ինչն ասվել է. «Որևէ շեղում չի եղել: Մենք ընդգծել ենք բոլոր այն հիմնական սկզբունքները, որոնք վերաբերում են բացառապես խաղաղ կարգավորմանն ու բանակցություններին, բացառապես Մինսկի խմբի շրջանակներում: Մենք ընդգծել ենք խաղաղության միջավայրին նպաստող մթնոլորտի կարևորությունը: Եվ ամենակարևորը, որ մենք ասել ենք այն է, որ Հայաստանի համար ստատուսի հարցերը մնում են ամենագերակա խնդիրները: Սրա շուրջ է բանակցությունը: Մենք ունենք մեր գերակա խնդիրները: Դեռ չի եղել բանակցություններում մի բան, որի մասին հանրությունը չգիտի: Ինձ զարմացնում են մեկնաբանությունները, թե մենք պարտվողական տրամադրվածություն ունենք, ինքնավստահություն ենք կորցրել: Մենք նման բան չունենք, կարիք չկա խոսել այն մասին, թե մենք խափանում ենք մեր դիրքորոշումը: Սա ինչ-որ տեղ վիրավորական է նաև: Մենք պարտվողական չենք եղել ու չենք լինելու»:
Ինչ վերաբերում է բանակցություններին Արցախի մասնակցությանը և Ստեփանակերտի՝ որոշիչ ձայն ունենալուն, Մնացականյանը նշել է, որ դա հետևողական աշխատանք է, սակայն դա նաև պրակտիկ կիրառական հարց է. «Եթե ամեն ինչ միանգամից չի լինում, դա չի նշանակում, որ մոռացել ու անցել ենք: Ես նորից եմ կրկնում, որ դա մեզ համար նաև պրակտիկ խնդիր է, որպեսզի ավելի գործնական լինեն բանակցությունները, պրոգրես գրանցենք»: