Հասարակություն գլխավոր 

Եթե մենք որևէ արժեքավոր գաղափար ունենանք, մեծ տերությունները մեզանից կգնեն, ոչ թե  կարգելակեն. Արմեն Սարգսյան

Թե ինչպիսին պետք է լինի կառավարության կառուցվածքը, վարչապետի և կառավարության գործն է: Վստահ եմ՝ մեր վարչապետը ցանկանում, որ կառավարությունն ավելի արդյունավետ գործի: Իսկ եթե ինձանից խորհուրդ հարցնեն, ես իմ խորհուրդը կտամ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Ինչ վերաբերում է ռազմաարդյունաբերության նախարարությանը, որ պետք է ստեղծվի առաջիկայում, նախագահ Սարգսյանը նշեց, որ մի բան հստակ է՝ լուծումը լինելու է ոչ միայն կառուցվածքային, այլ՝ ըստ էության. «Մենք պետք է գիտակցենք, որ մեր բանակը կարիք է ունենալու ամենաժամանակակից տեխնոլոգիաների, որոնք լինելու են թանկ, հաճախ՝ անհասանելի: Սակայն մենք հնարավորություն ունենք դրա մի մասը ստեղծելու: Մենք հնարավորություն ունենք այն ոչ միայն չգնելու, այլ նաև՝ վաճառելու»:

Սարգսյանի խոսքերով, սա այն դեպքը չէ, որ մեծամտություն պետք է անել. «Այստեղ չի աշխատում «երբ մենք թատրոն ունեինք, դուք …» սկզբունքը: Դա մեծամտություն է: Պետք է նայել այսօրվա աշխարհին, տեսնել լավագույն օրինակները: Այսպես մենք հասնելու ենք բարձրագույն մակարդակի՝ անելով դա մինիմալ փողով»:

Ինչ վերաբերում է նրան, որ գերտերությունները կարող են խանգարել Հայաստանին ինքնուրույն զենք արտադրելու գործում, Սարգսյանն ասաց, թե չի կարծում, որ մեծ տերությունները խնդիր ունեն անել այնպես, որ Հայաստանը սեփական տեխնոլոգիաները չարտադրի. «Իրականում, եթե մենք որևէ արժեքավոր գաղափար ունենանք, մեծ տերությունները մեզանից կգնեն, ոչ թե կարգելակեն»:

Նույն շարքից