Ամեն ժամ, ամեն վայրկյան կարող է պատերազմ լինել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ հավելելով, որ պետք է միշտ պատրաստ լինել դրան:
Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև հանդիպմանը, Միքայելյանը նշել է, որ այն բանակցություն չի համարում. «Ողջունելի են այդ հանդիպումները, միշտ պետք է լինեն: Պատերազմը հնարավորինս պետք է հեռացնել: Իսկ հողեր հանձնելու մասին ես ընդհանրապես չեմ էլ ուզում խոսել: Որպես զինվոր, ազատամարտիկ, հրամանատար, դա ինձ համար շատ խորթ է և անհասկանալի: Բացի դրանից փոխզիջում այս հակամարտության ընթացքում չի եղել, Ադրբեջանը երբեք զիջումների չի գնացել: Դրա համար մենք պետք է միշտ հզոր լինենք»:
Միքայելյանը խոսեց նաև Մարտի 1-ի և Սեյրան Օհանյանի մասին, ում մեղադրանք է առաջադրվել Սահմանադրական կարգի տապալման հոդվածով: ԱԺ պատգամավորն ասաց, որ քննություն պետք է տեղի ունենա Մարտի 1-ի մասով, իսկ Սեյրան Օհանյանն իր մարտական ընկերն է եղել. «Սեյրան Օհանյանն Արցախյան ազատամարտում մեծ դերակատարություն է ունեցել: Բացի դրանից, նա քաջատեղյակ է դիրքերին՝ և՛ Հայաստանում, և՛ Արցախում»:
Ամեն դեպքում Միքայելյանը դեմ չի լինի պատժին, եթե պարզվի, որ Օհանյանը մեղավոր է իրեն մեղսագրվող հանցագործության մեջ. «Պետք է նշել, որ համակարգն է բոլորին բերել դրան, դրա համար գլխից պետք է սկսել»: