Հասարակություն գլխավոր 

Բանակը ներգրավված է եղել արտակարգ դրության հրամանագիրը հայտարարելուց հետո. Սեյրան Օհանյան

Այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, պատասխանելով իրեն առաջադրված մեղադրանքի, ինչպես նաև հարցաքննվելու մասին հարցերին, նախ շնորհավորեց բոլորին, ապա խնդրեց լրագրողնիեն խոսել միայն բանակի մասին. «Այն, ինչ կատարվում է, ինչի մասին դուք խոսում եք, բոլորը գիտեն: Կարծում եմ, որ մեր երկրի դատաիրավական համակարագը, փաստաբանական խմբերը զբաղվում են դրանով, մենք էլ մեր կողմից հուշում ենք, թե ինչ անեն: Կլսեն, լավ կլինի, չեն լսի, կփորձենք շարունակել պայքարը: Իսկ այսօր ես ուզում եմ շնորհավորել մեր բանակի 27-րդ տարեդարձը»:

Օհանյանի խոսքերով, հայ հերոսները կարողացել են պահպանել հայրենիքը, խաղաղություն պարտադրել հակառակորդին. «Այսօր էլ ամեն օր շարունակում են գերազանց կերպով կատարել իրենց գործը: Ես կարող եմ ասել, որ այսօրվա սերունդը կարողացել է հիմք ընդունել մեր սերնդի սխրագործությունները և իր առջև դրված խնդիրները կատարել: Այդ գործում մեծ ավանդ ունի մեր ողջ ժողովուրդը, այդ թվում նաև լրագրողները, ովքեր կարողացել են հրազեն կրելուց բացի վեր հանել բոլոր սխրագործությունները»:

Պաշտպանության նախկին նախարարը չցանկացավ խոսել այլ թեմաներից՝ ամեն դեպքում հայտարարելով, որ 2008 թվականի հետընտրական ժամանակահատվածում բանակը ներգրավված է եղել արտակարգ դրության մեջ հրամանագիրը հայտարարելուց հետո, ինչի մասին է խոսում այն իրավիճակը, որ որևիցե բախում, վնասվածք բանակի կողմից չի եղել. «Բանակի խնդիրն է անվտանգությունն ապահովելը, իսկ անվտանգություն ասելով առաջին հերթին նաև պետք է հասկանանք մեր երկրի ռազմավարական հատուկ նշանակության կարևորագույն օբյեկտների պահպանությունը, որոնց մեծ մասը տեղակայված է մեր մայրաքաղաքում»:

Նույն շարքից