Հայաստան 

Վ. Այվազյանը հիշեցրել է 90-ականների Սևանի վիճակը

analitik.am

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը ԱԺ-ում «Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» նախագծի քննարկման ժամանակ Կառավարության՝ Սևանից հինգ տարի շարունակ 240 մլն խմ ջուր բաց թողնելու որոշումը քննադատող ընդդիմադիրներին, որոնք հիմնականում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամներն էին, հիշեցրեց, թե ինչ վիճակում էր Սևանը 90-ականներին և ինչ վիճակում է այսօր։

Նա նախ նշեց, որ 2001-ի դեկտեմբերին ՀՀԿ-ն ընդունեց «պատմական որոշում»՝ էներգետիկ նպատակով Սևանա լճի բացթողումն արգելել, իսկ 1996-ին բաց էր թողնվում 1,5 մլն խմ ջուր (մոտ 1,5 մետր):

Պատգամավորն այնուհետև հորդորեց իրենց գաղափարները չսևացնել: «Ինչ ձևի ուզում եք, սևացնում եք... հանկարծ դառա՞ք բնության դեմ պայքարողների ջատագով: Ուրեմն բնությունը պահանջում է ռեսուրսի տրամաբանական օգտագործում»,- նկատեց նա:

Վարդան Այվազյանը հարցրեց, թե ինչպես են նույն պատգամավորները պատկերացնում, գյուղերի ոռոգելի տարածքներ որտեղից է ջուր մատակարարվելու, որ ջրամբարից են տալու այդ ջուրը, ապա կոչ արեց՝ «հերիք է բառախաղերով զբաղվել»:

«Հենց նենց սիրուն խոսքերով խոսելը չի է, այդ գյուղացիքին ջուր որտեղի՞ց ենք տալու: Խոսում ենք արտագաղթից, հետո էլ ասում եք՝ ջուր չտաք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե Սևանի ջրթողի 70 տոկոսը կուղարկվի Նախիջևան, ինչը պնդում էին ՀԱԿ պատգամավորները՝ հղում անելով գիտաշխատողներին, հանրապետական պատգամավորն ասաց. «Ի՞նչ միանգամից մեզ սկսեցիք կասկածել Ադրբեջանի հետ համագործակցության միջև, սենց միանգամից ձեռի հետ էլի, էհ, միանգամից գնդակահարության հոդվածն էլ դրեք: Էս ի՞նչ ստացվեց, խոսում ենք էլի, էս անտեր լեզուն ոնց ուզում պտտվում է, իրականում, երբ թվեր եք խեղաթյուրում, ինձ սկսում է անհանգստացնել»:

 

Վարդան Այվազյանի խոսքով՝ ամպագոռգոռ ելույթներ պետք չեն, այլ գյուղացուն տարբերակ է պետք առաջարկել: «Էն գյուղացին ի՞նչ մեղավոր է այստեղ, ինչ-որ մեկի ապաշնորհության պատճառով է եղել, նրան պատժեք, կարելի է ասել՝ Սևանին ձեռք տալ պետք չի, պետք է, 1,5 միլիոն չթողնեիք ամեն տարի, ո՞վ է մեղավորը, ո՞վ էր գողանում, նրա ձեռքը կտրեիք»,- ասաց Այվազյանը:

Նույն շարքից