Հայաստան 

Եվրոպան պետք է ակտիվ քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում. Եվրախորհրդարանի անդամներ

analitik.am

Եվրոպան պետք է ակտիվ քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Եվրախորհրդարանի անդամ Ինակի Իռազաբալբեիթիա Ֆերնանդեսը, ով ծնվել է ներկայում Իսպանիայի մաս կազմող Բասկերի երկրում և պայքարում է Բասկերի երկրի ճանաչման համար, հույս հայտնեց որ մոտ ապագայում ԼՂՀ-ն կճանաչվի միջազգային հանրության կողմից:

«Մենք օրեր առաջ Ղարաբաղում էինք, թեև սպասում էինք, որ պետք է տեսնենք տանկեր, զինված մարդիկ, բայց դա ամբողջությամբ ժողովրդավար պետություն է, որը փորձում է ձեռք բերել նոր արժեքներ: Մարդիկ այնտեղ հանգիստ քայլում են փողոցում: Ես այդ երկրի պատկերը ինձ հետ տանելու եմ ու միշտ ինձ հետ է լինելու»,-ասաց նա:

Իսպանիայի խորհրդարանի մեկ այլ անդամ՝ Ինարիտու Գարսիան, ով ևս ծնվել է Բասկերի երկրում, նշեց, որ Եվրոպական Միությունն ավելի ակտիվ քայլեր պետք է ձեռնարկի հարցի կարգավորման ուղղությամբ և բանակցությունների մասնակիցը դառնա ԼՂ–ի հետ միասին։

«Ինչպես Կոսովոյի պարագայում խնդիրը արագ կարգավորում ստացավ և ճանաչվեց միջազգային հանրության կողմից, այդպես էլ պետք է լուծվի Ղարաբաղի խնդիրը: Խնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա»,-ասաց նա:

Եվրախորհրդարանի անդամները խոստացան, որ իրենց կողմից առաջ քայլը լինելու է Եվրախորհրդարանում ԼՂ խնդրի կարգավորման հարցը բարձրացնելը:

«Ինձ համար ազգերի ինքնորոշման սկզբունքն է կարևոր, մեր երկրում մենք պայքարել ենք ինքնորոշման համար: Մենք կանենք նույնը ԼՂՀ ժողովրդի համար և մենք դրանից չենք վախենում առավել ևս սև ցուցակներից: Աշխարհի բոլոր ժողովուրդների համար կարևորը ինքնորոշման հարցն է, քանի որ կարծում ենք, որ դա ժողովրդավարական ամենակարևոր իրավունքն է»,-ասաց Ինակի Իռազաբալբեիթիա Ֆերնանդեսը:

Եվրոխորհդարանի անդամները նշեցին, որ սա իրենց առաջին այցելությունն էր ԼՂՀ, բայց խոստացան, որ ոչ վերջինը:

Նույն շարքից