Հին մենաշնորհը չպետք է փոխարինի նոր մենաշնորհով: Նոր մենաշնորհը բացառելու համար մենք 5 խնդիր էինք դրել, որով պետք է ընթանար մեր համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ այդ խնդիրներից մեկը վերաբերում էր խորհրդարանական համակարգն ամրապնդելուն և սուպերվարչապետական համակարգի հետ կապված խնդիրը լուծելուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:
Ռուստամյանի խոսքերով, այսօր իրենք չեն տեսնում սուպերվարչապետական համակարգից հրաժարվելու գործընթացը. «Կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մենք հույս ունեինք տեսնել Ներքին գործերի նախարարություն, որը պետք է լիներ ուղղակի Ազգային ժողովի վերահսկողության տակ: Սրա մասին բազմիցս խոսվել էր, պայմանավորվածություն էլ կար: Մենք ակնկալում ենք, որ այս նոր իրավիճակում, երբ պատասխանատվությունն ամբողջական մեկ քաղաքական ուժի է պատկանում, այս հարցերին պետք է լուրջ ուշադրություն դարձնել»:
Ռուստամյանը խոսեց նաև Մարտի 1-ի և Ռոբերտ Քոչարյանի մասին՝ հայտարարելով, որ իրենք Քոչարյանին չեն պաշտպանել որպես անձ, այլ պաշտպանել են արդարադատությունը. «Մենք այստեղ խնդիր ենք տեսնում: Այն ձևով, որ առաջադրվել է մեղադրանքը Քոչարյանին, մեզ մոտ մեծ մտահոգություններ է առաջացնում արդարադատության իրականացման մասով: Արդարադատությունը չպետք է ընտրովի լինի, չպետք է հաշվեհարդարի կամ վենդետայի տպավորություն լինի: Արդարադատությունը պետք է առաջին հերթին վերաբերի նրան, որ բացահայտվեն 10 զոհերի մեղավորները: Իսկ երբ մեղադրանքն այդպես է դրվում, փորձ է արվում զոհերի խնդիրը երկրորդական դարձնել»:
ՀՅԴ-ականի խոսքերով, Մարտի 1-ի ժամանակ երկու կողմերն էլ մեղավոր են եղել: