Քաղաքական 

Տեր-Պետրոսյանի խաղաղության թեզի կողմնակիցները Փաշինյանի տեսքով եկել են իշխանության. Էդուարդ Շարմազանով

Դուշանբեում Ալիևի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հպարտ տեսք չուներ, նա շփոթված տեսք ուներ: Այսօր՝ հունվարի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ արտաքին քաղաքականությանը չի կարելի մատների արանքով նայել. «Ես գտնում եմ, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղաշրջում և 98 թվականի Տեր-Պետրոսյանի խաղաղության թեզի կողմնակիցները Փաշինյանի տեսքով եկել են իշխանության: Մենք խաղաղության դեմ չենք, բայց դրան մուրալուն ենք դեմ: Զոհրապ Մնացականյանը հայտարարում է, թե խաղաղության այլընտրանքը կատաստրոֆա է, իսկ ես ասում եմ, որ խաղաղություն մուրալն է կատաստրոֆա: Դրա օրինակներից է 1920 թվականի Կարսի հանձնումը: Խաղաղություն կնքում են դրա գինը հասկացողների հետ: Մենք պատերազմներ ենք հաղթել, հիմա պետք է խաղաղություն մուրա՞նք»:

Շարմազանովի խոսքերով ԼՂ հարցում պետք է լուծվեն ոչ թե հետևանքները, այլ պատճառները, իսկ պատճառն այն է, որ Ադրբեջանը պատրաստ չէ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը. «Մեր նպատակը պետք է լինի պաշտպանել 91 թվականի դեկտեմբերի հանրաքվեի արդյունքները, որով Արցախի ժողովուրդն այո է ասել անկախությանը: Հայաստանի խնդիրը դա պետք է լինի»:

Ինչ վերաբերում է զիջումներին, Շարմազանովը հայտարարեց, որ որևէ մեկին հայրենիք չկա զիջելու, դեռ Հայաստանը հողեր ունի ազատագրելու. «Մենք խաղաղությանը դեմ չենք, մենք պատերազմ չենք սկսել: Ադրբեջանը պատերազմներ է պարտվել, իսկ հայկական կողմից խոսում են զիջումների մասին: Այ հորդ Աստծու արև, մենք հող չունենք զիջելու»:

Նույն շարքից