Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաընկերությանը: Հարցազրույցի սկզբում լրագրողի այն հարցին, թե ինչ է անելու Հայաստանը ԵԱՏՄ-ում, հաշվի առնելով այն փաստը, որ 2019 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունն անցել է Հայաստանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ԵԱՏՄ նախագահությունն ավելի շատ սիմվոլիկ նշանակություն ունի. «Իհարկե, սա առիթ է ավելի ակտիվ աշխատելու համար, ես հենց այդպես էլ տրամադրված եմ: Ես այսօր խոսել եմ մեր առաջնահերթությունների մասին իմ ելույթի ժամանակ: Հիմնականը ԵԱՏՄ-ում գոյություն ունեցող արգելքների հաղթահարումն է: Դուք գիտեք, որ ԵԱՏՄ հանձնաժողովը հաշվել է, որ ԵԱՏՄ ինտեգրվելու համար գոյություն ունի մոտ 80 արգելք, որոնք կապված են օրենսդրության, կարգավորումների հետ: Բացի այս դե յուրե գոյություն ունեցող արգելքներից, կան նաև դե ֆակտո արգելքներ, և մեր հիմնական նպատակը լինելու է այս արգելքների գոնե մի մասի հաղթահարումը»:
Լրագրողի այն դիտարկմանը, որ փաստորեն Թավշյա հեղափոխություն է պատրաստվում անել ԵԱՏՄ-ում, Փաշինյանը պատասխանեց. «Հաշվի առնելով այն, որ ԵԱՏՄ տիրույթում այդքան էլ չեն սիրում հեղափոխություն բառը, ես չեմ օգտագործի այդ բառը»:
Գազի գնի մասով Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ամեն դեպքում 2019 թվականին Հայաստանում սպառողների համար գազի գնի սակագինը նույնը կմնա. «Այս մի տարվա ընթացքում մենք կշարունակենք քննարկումները, որպեսզի գազի գնի շուրջ համաձայնության գանք»: Լրագրողի այն դիտարկմանը, որ փաստորեն մի տարի հետո Հայաստանում գազի գինը կբարձրանա, Փաշինյանը պատասխանեց, որ հակառակը. «Դուք ինչո՞ւ եք այդպես մտածեք, ես մտածում եմ, որ հակառակը՝ իջեցում կլինի»:
Ինչ վերաբերում է Դավոսում տեղի ունեցած հանդիպումներին, ինչպես նաև այն ներդրումային առաջարկներին, որն ունի Փաշինյանի կառավարությունը, Փաշինյանն ասաց, որ իրենք մի շարք հետաքրքիր գաղափարներ ունեն, որոնք փորձում են իրագործել: Լրագրողի այն հարցին, թե կոնկրետ ինչ գաղափարների մասին է խոսքը, ՀՀ վարչապետն ասաց. «Գաղափար ունենք Իրանի սահմանին կառուցել «Մարիոթ» մեծ հյուրանոց, բայց քանի որ Մարիոթի քաղաքականությունն այնպիսին, է որ իրենք չեն կառուցում և իրենք սեփականություն չեն գնում, այլ վարձակալում են, հիմա, որպեսզի այդ գաղափարը կյանքի կոչվի, պետք է գտնել ներդրողներ, ով կհամաձայնի շենք կառուցել՝ համաձայնացնելով «Մարիոթ»-ի հետ, և այդ շենքը վարձակալության տալ Մարիոթի կառավարմանը: Այսպիսի մի քանի հետաքրքիր գաղափարներ ունենք»:
Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Թեղուտի պղնձի հանքը ՎՏԲ-ին անցնելու մասին՝ նշելով, որ պետք է ներգրավվել պրոֆեսիոնալ օպերատորի, ով զբաղվում է պղնձի արտադրությամբ, որպեսզի այդ հանքավայրը վերջապես աշխատի:
Լրագրողի այն հարցին, որ հեղափոխությունից հետո անցել է մոտ մեկ տարի, այս ընթացքում ներդրումային քաղաքականության մեջ որևէ բան փոխվել է, ովքե՞ր են ավելի շատ ներդրումներ կատարում՝ ռուսական ներդրողները, արևմտյան ներդրողները, թե՞ , օրինակ Իրանը, Փաշինյանը պատասխանեց, որ երրորդ եռամսյակում օտարերկրյա ներդրումները ավելի քան 50 տոկոսի չափով ավելացել են՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած: Նա նշեց, որ ներդրողների մեծ մասը Հայաստանից դուրս ապրող հայերն են՝ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Եվրոպայից: Այն հարցին, թե որ ոլորտներում են ներդրումներ կատարում, Փաշինյանը պատասխանեց, որ հիմնականում թեթև արդյունաբերության մեջ են ներդրումներ կատարում, տեխնոլոգիական արտադրության , ՏՏ հատվածում, գյուղատնտեսության ոլորտում, գյուղատնտեսական մթերքների վերամշակման մեջ և այլն: