Հայաստան 

Էդվարդ Նալբանդյանը համանախագահներին է ներկայացրել ադրբեջանական կողմի ոչ կառուցողական քայլերը

analitik.am

Մայիսի 16-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:


ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:


Անդրադառնալով այս շաբաթասկզբին նշված հրադադարի հաստատման 20-ամյակին Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը 20 տարի շարունակ կոպտորեն խախտում է ոչ միայն 1994 թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ հաստատված հրադադարի, այլ նաեւ 1995 թվականի փետրվարի 4-ին հրադադարի ամրապնդման վերաբերյալ նույն եռակողմ ձեւաչափով համաձայնությունները, շարունակական սադրանքներ կազմակերպում Հայաստանի հետ սահմանին եւ Ղարաբաղի հետ շփման գծում, հրաժարվում է կյանքի կոչել շփման գծից դիպուկահարների դուրս բերման, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ միջնորդների նախաձեռնությունները, ինչը լրջորեն խոչընդոտում է բանակցային գործընթացն առաջ մղելու Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։


Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ նախորդ տարվա նոյեմբերին Վիեննայում նախագահների հանդիպումից հետո որոշակի հույս առաջացավ, որ կարելի է առաջ մղել բանակցային գործընթացը: Սակայն ադրբեջանական կողմը, ինչպես եւ հաճախ պատահել էր նախկինում, վերստին հետքայլ կատարեց: Դա հատկապես ակնհայտ էր ՄԽ համանախագահների հետ ԱԳ նախարարների վերջին հանդիպման ժամանակ, երբ ադրբեջանական կողմը մերժեց համանախագահների առաջարկը, որն արվել էր համապատասխան երկու նախագահների միջեւ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածության:


Զրույցի ընթացքում, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծեց, որ իր ապակառուցողական քաղաքականությամբ, մերժելով եռանախագահների բազմաթիվ առաջարկությունները՝ Բաքուն խոչընդոտում է բանակցություններում առաջընթացի արձանագրումը եւ դրանով իսկ ամեն ինչ անում ստատուս քվոյի պահպանման համար:

Նույն շարքից