ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:
Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրին, բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը` այդ հարցում կարևորելով դեսպանի դերակատարությունը:
Անդրադառնալով հայ-բրիտանական կապերի առավել խորացմանն ու զարգացմանը` Ազգային ժողովի նախագահը, մասնավորապես ընդգծել է խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունն ու փոխայցերը: Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների միջև արդյունավետ համագործակցության համար առկա են բոլոր հիմքերը:
Դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին խորհրդարանի ղեկավար ընտրվելու կապակցությամբ, կարևորել է Հայաստանում անցկացված ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները:
Ջուդիթ Ֆարնուորթը, նշել է, որ Միացյալ Թագավորությունը խորհրդարանական կառավարման մեծ փորձ ունի և կարող է աջակցել Հայաստանին՝ օրինաստեղծ գործունեության, վերահսկողության մեխանիզմների զարգացման և ժողովրդավարության ամրապնդման գործում: Դեսպանը, խոսելով ՀՀ Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերից, ակտիվ համագործակցության պատրաստակամություն է հայտնել:
Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտությանը` տիկին Ֆարնուորթը կարևորել է բարեկամական խմբերի փոխգործակցության ակտիվացումը և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ամրապնդումը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև եվրոպական առավել ընդարձակ ընտանիքի շրջանակում երկկողմ համագործակցության հնարավորություններին, Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: