Հայաստան 

2008 թվականի մարտի 2-ից՝ մեկ տարի չորս ամիս ընդհատակում. Նիկոլ Փաշինյան

analitik.am

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է 2008թ.-ից ընդհատակում անցկացրած իր ամիսների, այնուհետև՝ ձերբակալության ու բանտարկության մասին։ «2008 թվականի մարտի 2-ից՝ մեկ տարի չորս ամիս անցկացրի ընդհատակում: Վերջերս հաշվեցի, որ ընդհատակյա այս կամ այն ժամանակահատվածում իմ տեղն իմացած մարդկանց հանրագումարը հասել է 60-ի: Սա հզորագույն հոգևոր լիցք է ինձ համար՝ 60 հոգի, և ոչ մի տեղեկատվական արտահոսք: 60 մարդ, ում անվերապահ կարող եմ վստահել՝ նույնիսկ կյանքս: Այս ամենը շարադրում եմ մեկ նպատակով. ուզում եմ ասել՝ շնորհակալություն»,- գրել է նա։

Գրառումը՝ ստորև։

«Ուղիղ երեք տարի առաջ ազատ արձակվեցի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից:

2008 թվականի մարտի 2-ից՝ մեկ տարի չորս ամիս անցկացրի ընդհատակում: Վերջերս հաշվեցի, որ ընդհատակյա այս կամ այն ժամանակահատվածում իմ տեղն իմացած մարդկանց հանրագումարը հասել է 60-ի:

Սա հզորագույն հոգևոր լիցք է ինձ համար՝ 60 հոգի, և ոչ մի տեղեկատվական արտահոսք: 60 մարդ, ում անվերապահ կարող եմ վստահել՝ նույնիսկ կյանքս:

2009 թվականի հուլիսի 1-ին դուրս եկա ընդհատակից, այցելեցի ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ և ձերբակալվեցի, ապա դատապարտվեցի 7 տարվա ազատազրկման: Մեկ տարի 11 ամիս անցկացրի անազատության մեջ և համաներմամբ ազատ արձակվեցի 2011 թվականի մայիսի 27-ին:

Իմ վերադարձը տևեց ուղիղ երեք տարի երեք ամիս:

Այս ամենը շարադրում եմ մեկ նպատակով. ուզում եմ ասել՝ շնորհակալություն:

Շնորհակալություն՝ ընդհատակի իմ պահապան հրեշտակներին:

Շնորհակալություն նրանց, ովքեր պայքարել են հանուն իմ քաղբանտարկյալ ընկերների և իմ ազատության:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր զորակցել են, բոլոր նրանց՝ ում սիրտը ցավացել է:

Շնորհակալություն իմ ընտանիքին, ում սերն ապրեցրել է ինձ՝ նույնիսկ ամենահուսահատ ժամերին:

և ուրեմն՝ 

Կեցցե՛ Ազատությունը,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

 

Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում»:

Նույն շարքից