Հասարակություն Բարի օր 

Վատիկանում սկսվեց Արևելյան Ուղղափառ-Կաթոլիկ միջեկեղեցական երկխոսության միջազգային հանձնախմբի ժողովը

Հունվարի 27-ին Վատիկանում իր հերթական, 16-րդ հանդիպումն սկսեց Արևելյան Ուղղափառ-Կաթոլիկ միջեկեղեցական երկխոսության միջազգային հանձնախումբը` Քրիստոնյաների միության պապական հանձնախմբի հյուրընկալությամբ։ Նախատեսված ծրագրի համաձայն Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների ներկայացուցիչները նախ հանդիպեցին առանձին, եկեղեցական ընտանիքների ձևաչափով, այնուհետև հունվարի 27-ի երեկոյան տեղի ունեցավ հանձնախմբի 16-րդ հանդիպման առաջին լիագումար նիստը։

Հանձնախմբի քննարկման թեման Եկեղեցու յոթ խորհուրդներից Ս. Պսակն է՝ ծիսական, աստվածաբանական ու կանոնական իր առանձնահատկություններով։ Միջազգային աստվածաբանական հանձնախմբի անդամները, նախատեսված ծրագրով, առաջիկա օրերին քննարկելու են ինչպես եկեղեցական երկու ավանդույթների մեջ Ս. Պսակի խորհրդակատարության, ծիսական-աստվածաբանական ու կանոնական ընկալման ընդհանրությունները, այնպես էլ՝ տարբերություններն ու եկեղեցաբանական առանձնահատկությունները։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին միջազգային աստվածաբանական հանձնախմբում ներկայացված է հետևյալ պատվիրակությամբ՝ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան (Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Վատիկանում), Հոգեշնորհ Տ. Շահե Ծ. վրդ. Անանյան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու), Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Աշկարյան (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն) և Հոգեշնորհ Տ. Պողոս վարդապետ Թինկջյան (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն)։

 

ԱՒԱՆԴԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՄԲ

Վատիկանում սկսուեց Արևելեան Ուղղափառ-Կաթոլիկ միջեկեղեցական երկխօսութեան միջազգային յանձնախմբի ժողովը

Յունուարի 27-ին Վատիկանում իր հերթական, 16-րդ հանդիպումն սկսեց Արևելեան Ուղղափառ-Կաթոլիկ միջեկեղեցական երկխօսութեան միջազգային յանձնախումբը` Քրիստոնեաների միութեան պապական յանձնախմբի հիւրընկալութեամբ։ Նախատեսուած ծրագրի համաձայն Արևելեան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների ներկայացուցիչները նախ հանդիպեցին առանձին, եկեղեցական ընտանիքների ձևաչափով, այնուհետև յունուարի 27-ի երեկոյեան տեղի ունեցաւ յանձնախմբի 16-րդ հանդիպման առաջին լիագումար նիստը։

Յանձնախմբի քննարկման թեման Եկեղեցու եօթ խորհուրդներից Ս. Պսակն է՝ ծիսական, աստուածաբանական ու կանոնական իր առանձնայատկութիւններով։ Միջազգային աստուածաբանական յանձնախմբի անդամները, նախատեսուած ծրագրով, առաջիկայ օրերին քննարկելու են ինչպէս եկեղեցական երկու աւանդոյթների մէջ Ս. Պսակի խորհրդակատարութեան, ծիսական-աստուածաբանական ու կանոնական ընկալման ընդհանրութիւնները, այնպէս էլ՝ տարբերութիւններն ու եկեղեցաբանական առանձնայատկութիւնները։

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին միջազգային աստուածաբանական յանձնախմբում ներկայացուած է հետևեալ պատուիրակութեամբ՝ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեան (Արևմտեան ևրոպայի հայրապետական պատուիրակ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտօնական ներկայացուցիչ Վատիկանում), Հոգեշնորհ Տ. Շահէ Ծ. վրդ. Անանեան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական յարաբերութիւնների գրասենեակի պատասխանատու), Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Աշկարեան (Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն) և Հոգեշնորհ Տ. Պօղոս վարդապետ Թինկջեան (Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն)։

 

 

Նույն շարքից