Պրոֆեսիոնալ հանցագործները տարբերություն չեն դնում, թե ում բնակարան են մտնում, կարևորն արդյունքն է, որ այդ բնակարանից նրանք կարողանան ստանալ մաքսիմալ եկամուտ: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը՝ խոսելով բնակարանային գողությունների և այն մասին, որ արդեն գողություններ են կատարվում նաև պաշտոնյաների բնակարաններից:
Ղուկասյանի խոսքերով, պրոֆեսիոնալ հանցագործ է ասվում, քանի որ նա ներդրված ջանքերին համապատասխան պետք է ստանա մաքսիմալ արդյունք. «Բնակարանային գողությունների աճը խիստ մտահոգում է ոստիկանությանը, և մենք նախատեսում ենք միջոցառումների ծրագիր, որը շատ շուտով կներկայացվի հանրությանը և կընդունվի կառավարությունում»:
Պարոն Ղուկասյանը խոսեց նաև համաներման և կրկնահանցագործության հնարավոր կապի մասին: Նա նշեց, որ նման հետազոտություն ոստիկանությունն արել է 10 տարի առաջ, ու արդյունքները ցույց են տվել, որ համաներումից հետո հաջորդ տարի լինում է հանցագործությունների աճ, սակայն դա չի նշանակում, որ պետության կողմից դրսևորվող այդ մարդասիրական քայլը սխալ է. «Կարծում ենք, որ նման անձինք ուղղակի պետք է գտնվեն տեսադաշտում, հսկողության տակ: Ցավոք ներկա օրենսդրությունը թույլ չի տալիս այսօր լիարժեք կերպով դա անել»: