Մենք հստակ արձագանք չունենք, որ հայ-ռուսական հարաբերությունները վատ են, կարծում եմ, որ դրանք աշխատնքային ռեժիմում են գտնվում: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը:
Նախկին վարչապետի խոսքերով, եկել են նոր մարդիկ, բնական է, որ նոր հարաբերություններ կառուցելու խնդիր կա, ինչի համար ժամանակ է պետք:
Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխությանը, նախկին վարչապետը նշել է, որ տնտեսությունը և հեղափոխությունը տարբեր ծայրերում են գտնվում. «Այն, ինչը վարչապետը նկատի ունի, ես բնականաբար ողջունում եմ, որովհետև տնտեսությանը պետք է խորքային վերափոխում: Սակայն ես չէի ասի հեղափոխություն, քանի այն մի քիչ այլ բան է: Տնտեսության մեջ ավելի կարևոր է հարատև օրենքի գերակայությունը, վստահությունն ընդհանուր բիզնես մթնոլորտի, բիզնեսի նկատմամբ, օրենքի գերակայության, բոլոր համակարգերի գործունեության նկատմամբ: Այս ամեն ինչը բաղկացուցիչ մասեր են երևի թե այն հեղափոխությանը, որը նկատի ունի վարչապետը: Ամեն դեպքում տնտեսությունը խորապես բարեփոխման անհրաժեշտություն ունի: Մենք շատ իմաստով ստեղծել ենք տնտեսություն, որը կախված է եղել 3-10 մարդկանցից, այնինչ այն պետք է կախված լինի հարյուր հազարավոր մարդկանցից, որոնք պետք է լինեն տնտեսության հիմքը»: