Հայաստան 

ԱԺ փոխնախագահը ընդունել է Չեխիայի Մորավիան-Սիլեսիան երկրամասի նահանգապետին

analitik.am

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 27-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության Մորավիան-Սիլեսիան երկրամասի նահանգապետ Միրոսլավ Նովակի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Այս մասին հայտնում են ԱԺ փոխնախագահի գրասենյակից։

ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ հայ-չեխական քաղաքական, տնտեսական ու մշակութային արդյունավետ համագործակցությանը զուգահեռ զարգանում են նաև մարզերի միջև գործնական հարաբերությունները: Նա հույս է հայտնել, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չեխիա կատարած պետական այցի շրջանակներում ստորագրված միջպետական համաձայնագրի ընձեռած հնարավորությունները արդյունավետ կօգտագործվեն, և Արմավիրի մարզի ու Մորավիան-Սիլեսիան երկրամասի միջև սկիզբ առած տնտեսական փոխգործակցությունն ու բարեկամական կապերը շարունակական զարգացում կունենան:

Մորավիան-Սիլեսիան երկրամասի նահանգապետ Միրոսլավ Նովակը տեղեկացրել է, որ իրենց պատվիրակության կազմում ոչ միայն քաղաքական գործիչներ են, այլև գործարար աշխարհի ներկայացուցիչներ, նաև՝ ազգությամբ հայեր: Նրա գնահատմամբ՝ պատվիրակության նման կազմը, իրենց երկրամասի ու Արմավիրի մարզի ներկայացուցիչների ջերմ, անմիջական հարաբերություններն ու փոխադարձ հետաքրքրությունները վկայում են փոխգործակցության խոստումնալից հեռանկարի մասին: 

Հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել է տեղական մարմինների տնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման գործոնը՝ որպես հայ-չեխական նոր մակարդակի հարաբերությունների հաստատման ու արդյունավետ համագործակցության կարևոր պայման: 

Նույն շարքից