Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում բացօթյա առևտրով զբաղվող մի խումբ մարդիկ: Նրանք պահանջում են կառավարությունից, որպեսզի իրենց առևտրով զբաղվելու համար տեղ հատկացնեն՝ նշելով, որ իրենք պետք է ինչ-որ ձև պահեն իրենց ընտանիքները, սակայն իրենց բոլորը խաբում են և հարցին լուծում չեն տալիս. «Մեզ սաղ խաբում են, փոխվարչապետերից սկսած, կանչում են, գալիս ենք, խոսում ենք, ճղում ենք մեզի, ասում են, թե մեր հարցին լուծում կտան, հետո կոպիտ ասած, երեք մատի կոմբինացիա են ցույց տալիս, ոչ մի բան, ոչ մի լուծում»,- նշեց բողոքողներից մեկը:
Մի կին էլ նշեց, որ 25 000 ՀՀ դրամ նպաստ են տալիս և ասում, թե գնա այդ գումարով պահի երեխայիդ. «Ես ո՞նց պահեմ էտ գումարով երեխա»:
Մեկ այլ կին էլ նշեց, որ մեկ ամիս առաջ մոտեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս մունաթ է եկել իր վրա և ասել՝ գաղթի Հայաստանից. «Մի ամիս առաջ հենց ստեղ մոտացա, խոսացի, դեմքիս թռավ, մունաթ եկավ վրես, ասեց երեխաներիդ հավաքի, գնացեք հանձնվեք, խի՞ եք մնացել էս երկրում»: Վերջինս նաև նշեց, որ բացի աշխատանքից նաև բնակարանի հարց ունի, որը խլել են իր ձեռքից. «Փաշինյանն ասում էր՝ քո հարցն ինչ հարց է, որ չլուծենք, հեղափոխությունն արեցինք, դրինք վարչապետ, մի քանի անգամ մոտեցա չպատասխանեց, վերջին անգամ էլ ասում ա՝ գաղթեք, խի՞ եք մնացել»:
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն էլ նշեց, որ իրենց խորհուրդ են տալիս գողություն անել. «Դա իրենք ազատ խորհուրդ են տալիս: Նախկին վարչության պետն էլ էր ասում, որ ասում էինք՝ ինչո՞վ աշխատենք, ո՞նց ապրենք, ասում էր՝ գնացեք բանկ թալանեք»: