Այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կառավարության նոր կառուցվածքում Ոստիկանության և ԱԱԾ կարգավիճակի մասին, հայտարարեց, որ պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, սակայն դա չի նշանակում, որ դրա ճանապարհը դրանք նախարարություն դարձնելն է. «Եթե ոստիկանությունը դառնա նախարարություն, նշանակում է, որ քաղաքական դեմք պետք է նշանակվի այդ կառույցի ղեկավար, ինչից բխում է, որ այն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կուսակցականացվելու է: Իսկ այսօրվա կարգավորման արդյունքում ոստիկանության և ընդհանրապես իրավապահ համակարգի կայունությունը որոշակիորեն պահպանվել է: Այսինքն, այնտեղ փոփոխությունները լինում են շատ բալանսավորված, հանգիստ, որպեսզի երկրի կայունությունը չխախտվի: Իսկ նախարարի դեպքում կլինի հայեցողական պաշտոն: Այս պարագայում կան որոշակի չափանիշներ՝ ոստիկանության աշխատող պետք է լինի և այլն»:
Փաշինյանը նշեց, որ վերջին տարիներին աննախադեպ դեպք է տեղի ունեցել՝ ԱԱԾ տնօրենը գնացել է խորհրդարան և բյուջեի քննարկումներին մասնակցել:
Վարչապետը խոսեց նաև նախարարությունների միավորման մասին, ինչի արդյունքում պետք է լինի 12 նախարարություն: Նա նշեց, որ այդ պրոցեսը ցանկանում են մաքսիմալ անցնցում իրականացնել. «Պետք է դե ֆակտո պրոցեսը մինչև վերջ պլանավորել, որից հետո դե յուրե այն կիրականացվի»:
Իր՝ սուպերվարչապետ լինելու մասով Փաշինյանը նշեց, որ ժողովրդավարությունն իր թիմի արժեքային համակարգն ու հավատամքն է. «Միանշանակ է, որ մենք սուպերվարչապետական համակարգից պետք է բալանսավորման գնանք, բայց այդ պրոցեսը մի օրում չի լինի, քանի որ ամբողջ իշխանությունը կաթվածահար կլինի: Իսկ այսօր ՀՀ պետական կառավարման համակարգը թափանցիկ է, քան՝ երբևէ, և ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր սրա համար ջանք են գործադրում»:
Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ սուպերվարչապետությունից բալանսավորումը լինի 2 տարվա ընթացքում, վարչապետը չբացառեց, որ դա կարող է լինել 3-4 տարվա ընթացքում:
Դիտարկմանը, թե ինքը պատգամավոր եղած ժամանակ հայտարարում էր, թե պետք է կառավարությանն ասող լինի, Փաշինյանն ասաց, որ հիմա կա ասող ու ինքն է այդ ասողը. «Կառավարությանն ասող կա և խորհրդարանն այդ դերը ստանձնում է ու կշարունակի ստանձնել: Երեկ տեղի ունեցավ էլի աննախադեպ իրադարձություն: Խորհրդարանական մեծամասնությունը հրավիրեց ՊԵԿ նախագահին և պարզաբանում ստացավ: Ես չգիտեմ, թե ինչ պարզաբանում են ստացել»: