Այսօր Արմավիր ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ է հայտարարել ցմահ դատապարտյալ Վաղինակ Ավետիսյանը (այդ մասին մեզ տեղեկացրեցին նրա հարազատները)։ Նա ցանկանում է հանդիպել արդարադատության նախարարի հետ, կապված իր քրեական գործի վերանայման եւ վերաբացման հետ։
ՄԻՊ-ի համապատասխան խնդիրներով զբաղվող իրավաբանները, տեղեկանալով խնդրի մասին, նշել են, որ հնարավորինս շուտ կայցելեն հացադուլ հայտարարած դատապարտյալին , եւ իրենց իրավասության շրջանակներում կտրամադրեն համապատասխան աջակցություն։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Վաղինակ Ավետիսյանը կրկին հացադուլ էր հայտարարել նույն պահանջով, նրան այցելել էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Ի դեպ, ըստ Վ. Ավետիսյանի հարազատների, վերջերս ՀՔԾ-ն պարզել է, որ Վաղինակ Ավետիսյանը 106 օր անօրինական պահվել է Գորիսի ոստիկանական բաժանմունքում եւ մեկ հոգու ցուցմունքի հիման վրա նա դատապարտվել է ցմահ ազատազրկման։
Հավելենք, որ ըստ ՀՀ օրենսդրության քր.գործը կարող է վերաբացվել նոր երեւան եկած հանգամանքների դեպքում։